▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասադի կառավարությունը անցնում է շանտաժի

Սիրիայում, ընդդիմադիր ապստամբների կողմից կիրառված քիմիական զենքի զոհ դարձան ավելի քան հազար հինգ հարյուր մարդ՝ տղամարդ, կին և նույնիսկ երեխաներ, սա սպանդ էր, որը հարուցեց բոլոր պետությունների և ժողովուրդների զարմանքն ու բարկությունը: ԱՄՆ-ի կառավարությունն իր դաշնակիցների հետ շտապեց մեղքը բարդել Բաշար Ասադի կառավարական զինուժի վրա, իբր թե ԱՄՆ-ի հետախուզությունը իր տրամադրության տակ անվիճելի փաստեր ունի, որով ապացուցվում է Սիրիայի ներկայիս կառավարության՝ սեփական ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունը: Սիրիայի կառավարությունն իր հերթին մեղադրեց ապստամբներին, պնդելով, թե դա ոչ մի կերպ ձեռընտու չէր և չեր բխում կառավարության շահերից, քանի որ կառավարական զորքերը բոլոր ուղղություններով հետ էին մղում գրոհայինների խմբերին, առավել ևս ձեռընտու չեր նաև այն պատճառով, որ նման ահաբեկչությունը կատարվել էր ՄԱԿ-ի դիտորդների ստուգայցի նախօրեին: Սակայն, մինչև այսօր տակավին չի բացահայտվել, թե կողմերից որն է կիրառել քիմիական զենքը, թերևս Ասադի կառավարությունը ծանրակշիռ հիմքեր ուներ նման քայլից զերծ մնալու համար: Հարց է ծագում, թե ի՞նչպես կարող էր քիմիական զենքը հայտնվել ապստամբների մոտ, թեև չի բացառվում, որ գրոհայինները, որպես ռազմավար ձեռք բերած լինեին այն: Թերևս, ԱՄՆ-ի մեծ ցանկությունը և շահագռգռվածությունը՝ միջամտելու Սիրիական պատերազմին, կասկածանքի կշիռը թեքում է ապստամբների կողմը, քանի որ ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժելու դեպքում նույնպես, ԱՄՆ-ը պատճառաբանում էր միջուկային զենքի առկայությունը, որն ի դեպ, մինչև այսօր չի հայտնաբերվել Իրաքում: Ուստի, տեսնում ենք, որ ԱՄՆ-ը փնտրում է ամեն հնարավորին պատճառները, Սիրիան ռմբակոծելու համար: Զարմանալի հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ով ռմբակոծությունից հրաժարվելու ԱՄՆ-ի ցանկության միակ տարբերակ նշեց Սիրիայի քիմիական պաշարի կամավոր հանձնումը՝ միջազգային համապատասխան կառույցներին: Ծիծաղելի է կարծել, որ Սիրիան կհրաժարվի իր ապահովության երաշխիքից, քանի որ այդ զենքը ապահովագրում է իրեն՝ Իսրայելի հարձակումներից և որոշակի հավասարակշռություն պահպանում Իսրայելի միջուկային զենքի կիրառման դեպքում: Դա Իսրայելին սանձելու Սիրիական հնարավորությունն է: Վերջերս, Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, Դամասկոսում անցկացրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ արտաքին ագրեսիայի դեպքում, Սիրիան կարող է կիրառել քիմիական զենք: Ի դեպ, նա նաև նշել էր, որ Սիրիայի քիմիական զենքի ողջ պաշարը գտնվում է կառավարական զորքերի ամբողջական վերահսկողության տակ: Չեմ կարծում, թե Սիրիայի կողմից կիրառվող շանտաժը, կարող է ԱՄՆ-ին հետ պահել հարձակումներից, սակայն կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից, դաշնակից պետությունների համաձայնությունը ստանալու համար, Սիրիայի դեմ համատեղ ռազմական գործողություններ սկսելու համար: Ռուսական «արջի ընկերությունը» Սիրիային ազդակ էր, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակից պետությունների հարձակման դեպքում, նա միայնակ է դիմագրավելու հարձակմանը, ուստի շանտաժը նպատակ է հետապնդում ԱՄՆ-ին ստիպելու հրաժարվել հարձակման կամ միջամտության միտումից: Այս դեպքում, ԱՄՆ-ը կարող է ընդդեմ Սիրիայի օգտագործել՝ հանցագործներին ձեռբակալելու ժամանակ կիրառվող իր հայտնի ոստիկանական բանաձևը՝ «Դուք իրավունք ունեք լռելու և այն ամենը, ինչ դուք կասեք, կօգտագործվի ընդդեմ ձեզ...»: Սիրական շանտաժը, կարող է վնասել հենց իրեն, կանաչ լույս վառելով ԱՄՆ-ի դաշնակից պետությունների համար:

Մամիկոն Համբարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին