«Բարի լուր` քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել իր աշխատավարձը. սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ»,- ԱԺ-ում խոսելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի մասին` ասաց պատգամավոր Ն. Փաշինյանը` հավելելով.
«Սիմվոլիկ է, որ զբաղվածության և պաշտոնյաների աշխատավարձերի մասին օրենքի նախագծերը իրար հետևից ենք քննարկում: Գործազկության նպաստը 18.000 դրամ է և, ինչպես Հակոբ Հակոբյանը հայտարարեց` անբարոյականություն է գործազուրկին 18.000 դրամ տալը, ուստի բռնեցինն-վերացրեցին: Հիմա քննարկվում է նախագահի, վարչապետի, Աժ նախագահի աշխատավարձերը բարձրացնելու հարցը: Նրանք այն մարդիկ են, որոնց ղեկավարման ժամանակ աճել է աղքատների թիվը, արտագաղթը»,-ասաց պատգամավոր Ն. Փաշինյանը` նշելով, որ հիմա գուցե հակափաստարկ բերեն` հիմնավորելով, թե բարձրանալու է ասենք ուսուցչին, թոշակառուին, հաշմանդամին տրվող գումարի չափը, այն դեպքում, երբ օրինակ 2014թ. բյուջեով թոշակը բարձրանալու է` 18.200 դրամի փոխարեն դառնալով 19.600.
«2014 թ. բյուջեով նախատեսվում է, օրինակ, ուսուցիչների աշխատավարձի 4,7 տոկոս աճ, և, եթե հիմա ուսուցչի աշխատավարձը 2,3 անգամ քիչ է նախարարի աշխատավարձից, օրենքի ընդունումից հետո 5,3 անգամ քիչ կլինի։ Իսկ հունվարից ներդրվող կուտակային կենսաթոշակի արդյունքում՝ ոչ մի բարձրացում էլ չի լինի»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորին զարմացնում է ասենք մշակույթի, քաղաքաշինության նախարարների, դատավորների աշխատավարձի բարձրացումը.
«Բարձրանա նրա համար, որ համրորեն լռո՞ւմ էին, երբ մշակութային հուշարձանն էին քանդում: Գուցե աշխատավարձը ցածր էր, դրա համա՞ր».-հարցրեց Ն. Փաշինյանը:
Անի Կարապետյան
Տեսանյութն` A1plus.am-ի