▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնում ենք խոշորացման ճանապարհով. Վարչապետը` Ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղի լուծարման մասին

Այսօր Վանաձորում բողոքի ցույցի  են դուրս եկել Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները, ովքեր պահանջում են չլուծարել այն:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը հերքել էր մասնաճյուղի փակվելու մասին տեղեկությունը` ասելով, որ Վանաձորում ստեղծվում է նոր` Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան, որը ներառելու է և’ պետական Մանկավարժական և Ճարտարագիտական համալսարանները:

Խնդիրն ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորն իր հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` հարցնելով, թե ի՞նչ է լինելու ուսանողների, դասախոսներ, շենքի ճակատագիրը:

Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հարցին` ասաց, որ բարձրագույն կրթության ոլորտում անցկացվող քաղաքականության նպատակը կրթությունն էֆեկտիվ դարձնելն է և գնում են խոշորացման ճանապարհով:

«Ուսանողները դրանից բացարձակ չեն տուժելու, չեն զրկվելու ուսումը շարունակելու հնարավորությունից: Ստեղծվում է ավելի բարենպաստ միջավայր»,-խոսքում ասաց վարչապետը:

Էդմոն Մարուքյանը դժգոհեց, որ հանրային լսումներ չեն կազմակերպվել և, անգամ ինքը, այս մասին տեղեկացել է մամուլից:  Ինչին ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ հարցը մանրամասն քննարկվել է, բայց ԿԳ նախարարը ևս մեկ անգամ հանրային լսումներ կկազմակերպի և կտրվեն սպառիչ պատասխաններ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին