Արդեն տեղեկացրել ենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ ԱԺ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է մարտի 15-ին ամուսնանալ ազգությամբ ուկրաինուհի Կատերինա Չերկասինայի հետ:
Տիգրան Ուրիխանյանն ուկրաինուհու հետ ամուսնության լուրերը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է հետևյալ ձևով.
«Հերթական անգամ «Հրապարակ» թերթը իր առաջին էջում տեղադրել էր մի զառանցանք, որի հեղինակը հավանաբար հերթական պատվերն էր ստացել քաղաքական հակառակորդներիցս:
Քանի որ զբաղված եմ երկրում առկա պրոբլեմները վեր հանելով և դրանց առաջացման հարցում մեղավորներին քննադատելով` նորություն չէ, որ Կարմեն Դավթյան անունով միջին տարիքի մի կին, լրագրող ձևանալով և «հաց» վաստակելու (ավելի ճիշտ բազմաթիվ բնակարաններ) նպատակով, մանր-մունր կեղտեր հորինելով ու լկտիությամբ խնդիր ունի ինձ և իմ գործընկերներին շեղելու, իսկ հաջողվելու դեպքում նաև պրովոկացիայի ենթարկելու:
Բոլոր իսկական լրագրողները գիտեն, որ ամբողջ օրն ու նույնիսկ գիշերային ժամերին բաց ու թափանցիկ աշխատում եմ բոլորի հետ, հասանելի եմ ու մշտապես տրամադրում եմ անհրաժեշտ տեղեկատվություն և, անշուշտ, բոլորն էլ գիտեն, որ իմ աշխատասենյակ արգելվել է մուտքը այդ անձի համար իր լկտի և անօրեն գործողությունների պատճառով: Կարծում եմ, իրավապահ մարմինները պիտի ուսումնասիրության առարկա դարձնեն Կարմեն Դավթյանի կողմից ազատ տեղաշարժս խոչընդոտելու, իմ աշխատանքային տարածք ապօրինի ներխուժելու և վիավորանքներ հասցնելու հանգամանքները:
Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, ապա վստահ եմ, որ հանրությանը ավելի շատ հետքրքրում է` ինչ եմ ես անում քաղաքական ու պետական գործառույթներիս շրջանակներում մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ, քան անձնական այլ հարցեր:
Ամեն դեպքում լրագրող ձևացող այդ կենսաբանական օրգանիզմն իգական սեռի ներկայացուցիչ է, հետևաբար պետք է նրա գործողություններին վերաբերվել ներողամտությամբ: Ի՞նչ արած, նա էլ է ժողովրդիս մի ներկայացուցիչ, և իր կյանքը բարելավելու համար էլ եմ աշխատում:
Իսկ նյութը վերարտադրող լրատվամիջոցներին տեղեկացնում եմ, որ հարսնացուս ուկրաինուհի չէ»: