▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին «բոլշևիկը» պետք է հեռանա.Լևոն Տեր-Պետրոսյան

«Թող ոչ ոքի չթվա, թե Մարտի մեկն առաջինը իրեն չի վերաբերում»,-այսօր` Ազատության  հրապարակում  Հայ  Ազգային Կոնգրեսի  հրավիրած մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ ոճրագործության բացահայտումը և զոհերի ընտանիքներին նյութական փոհատուցում տալը ՀԱԿ կարևոր խնդիրներից մեկն է:

Նա նշեց, որ ԱԺ-ում խմբակցությունը երկու անգամ հանդես է եկել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

«Դրա պարտակումը պետականության հիմքերը խարխլող զազրելի հանցագործություն է»,-նշեց  ՀՀ առաջին նախագահը:

Լևոն Տեր-Պետրոսյանն այնուհետև խոսեց երկրում առկա մի շարք խնդիրներից:

«ՀԱԿ նախորդ հանրահավաքից անցել է 10 ամիս, բայց կատարված մի շարք իրադարձություններ փոխել են երկրի մթնոլորտը:  Իշխանությունները մեծահոգաբար հայտարարեցին գազի գնի սուբսիդավորման մասին, որը խաբեություն է: Սուբսիդավորում կատարվել է ոչ թե նրանց գրպանի, այլ ժողովրդից գանձված եկամտի հաշվին: Ժողովրդի մի գրպանից վերցնում և մի մասը դնում են նրա մյուս գրպանը»,-նշեց ՀՀ առաջին նախագահը` հավելելով.

«Օրենսդրության կոպիտ խախտումով մասնավորեցված «Որոտանի» կասկադը 180 մլն-ով վաճառվեց ամերիկյան երկու ընկերություններին:  Հայաստանը կորցրեց էներգետիկ համակարգի վերջին կարևոր հանգույցը»:

Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը.

«Ընդամենը մի քանի ամիս առաջ երդվյալ եվրոպմետ էին, հիմա` ռուսամետ: Այս ակնթարթային փոփոխությունը բացատրվում է նրանով, որ, եթե առաջ համարում էին, որ լեգիտիմությունը կախված է Արևմուտքից, հիմա կախված է ՌԴ-ից: Հայաստանը ՄՄ է մտնում ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչը վկայում է «գազային» պայմանագիրը»:

Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև արտագաղթի խնդրին, պարտադիր կուտակային կենսաթոշակին, ինչպես նաև խոսեց հետագա անելիքներից:

«Իշխանափոխության պահը հասունացած է. ինչպես կասեր փառապանծ գեներալը`«Վերջին «բոլշևիկը» պետք է հեռանա»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին