▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ջիգարխանյաններն ու ազնավուրները Վախթանգ Կիկաբիձեի տաբատի մի փողքի արժեքն էլ չունեն...

Աշխարհի հայ հայտնի մտավորականները ի՞նչ սեռի են...


Սեռ ասելով՝ ի նկատի չունեմ արականն ու իգականը. կա մի կարգավիճակ, որ անկախ ֆիզիոլոգիական տեսակից կոչվում է մարդկային, շիտակ, ազնիվ, նվիրյալ և ժողովրդական բառ ու բանով, անկախ սեռից, հիացմունքը մեկ բառակապակցությամբ է արտահայտվում՝ ինչ տղա ա, հալալ ա...

Ցավալիորեն, հայ մտավորականներին այսպիսի որակումներ տալուն կարոտել ենք:
Այսօր աչքովս ընկավ, որ Արմեն Ջիգարխանյանն ու Դմիտրի Խառատյանը միացել են ռուս հայտնի մտավորականների կոչին, որով դեմ են Ուկրաինա զորքեր մտցնելուն: Անկախ քաղաքական ու աշխարհաքաղաքական դրդապատճառներից՝ արյունահեղությանը բոլորն են դեմ, իսկ ինչ վերաբերում է աշխարհով մեկ սփռված հայ մտավորականությանը, որքան էլ ցավով եմ ասում, բայց մեր ջիգարխանյաններն ու ազնավուրները Վախթանգ Կիկաբիձեի տաբատի մի փողքի արժեքն էլ չունեն, քանզի վերջինս իր մեջ ուժ գտավ, հանուն սեփական ժողովրդի ընդվզել ռուսական կայսրության դեմ, իսկ մերոնք Հայաստանի ճակատագրի մտահոգությամբ ոչինչ չասացին ժամանակին, և չեմ ուզում մասնավորեցնել միայն այսօրվա գործող իշխանության ապօրինի լինելը:

Ցավալիորեն, բոլոր ժամանակներում, երբ Հայաստանում ապօրինություն է կատարվում, դրսի, մեր այսպես կոչված, մտավորականները երբեք ժողովրդի կողքին չեն կանգնում. "կողքին կանգնել" ամենևին չի նշանակում փնովել Տեր-Պետրոսյանին, գովերգել Քոչարյանին կամ փնովել Քոչարյանին գովերգել Սերժ Սարգսյանին, ամենևին, նրանցից մեկ բան է միշտ պահանջվել ու պահանջվում՝ որպես մտավորական ակնհայտ կեղծիքի դեմ խոսք ասել: Բայց ինչի՞ ենք մենք ականատես եղել. ընտրությունից ընտրություն աշխարհահռչակ մտավորականները ընտրությունը կեղծած իշխանությունների կողքին են հայտնվել, հաշվի չեն առել ոչ ժողովրդի ընդվզումը, ոչ աշխարհով մեկ հայտնի ընտրակեղծիքի փաստը, ոչ փողոցներում ծեծած, ջարդած անմեղ մարդկանց... խելոք տեսքով եկել են, սեղմել կեղծողների ձեռքը, թքել ժողովրդի հոգու մեջ ու գնացել իրենց մոսկվաներն ու փարիզները վայելելու: Հետո, երբ աշխարհն օրինականացրել է կեղծիքը, Ազնավուրի պես, կեղծողների մոտ աշխատելով հանդերձ, հայտարարել են, որ իրենց երկրում ժողովրդին հալածում են: Քանի՞ կոպեկ կամ քանի՞ գրոշ արժեն նմանատիպ հայտարարությունները: Եթե ժամանակին Յանուկովիչի պես գողին, որ Ուկրաինայում նախագահ դարձրին, ձայն բարձրացնեին, ապա այսօրվա Ուկրաինայի վիճակը գուցե չունենայինք, իսկ այսօր, եղբայրասպան պատերազմի շեմը տեսնելուց հետո, խոսք ասելը լարախաղացության պես մի բանի է նման :
Եվ այսպես, ներքին մտավորական կոչվածներին չեմ անդրադառնում, սրանք գրպանի էլ չեն, սրանք հայրենիքը չգիտեն՝ ինչ բան է, Հայաստանի մտավորականների 90 տոկոսից ավելին լաթի պես մի բան է, որի վրա թե իշխանությունները, թե կուսակցական տերերը ոտքերն անգամ չեն մաքրում. թե ինչ են անում՝ կարող եք գուշակել:
Սրանց ներսում հայրենիք չկա, գիտություն չկա, մտավորականի արժանապատվություն չկա, սրանց ներսում շահի ստրուկը մնալու երազանքն է: Տեսնես՝ իրենք իրենց ինչ սեռի են զգում՝ դրսի, թե ներսի հայ մտավորականները, տեսնես, որ հայելուն մեկ-մեկ նայում են, չեն կարոտում իրենց ուսուցիչներին արված "կարգին տղա ա", արտահայտությանը...


Սուրեն Սարգսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին