Amerikayidzayn.com-ը գրել է. «Մենք չափազանց անհանգստացած ենք Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայկական համայնքին վտանգի տակ դրած՝ վերջերս տեղի ունեցած բախումներով և բռնություններով, որոնք ստիպել են շատերին փախուստի դիմել: Քաղաքացիական պատերազմի հետևանքով տուժում են չափազանց մեծ թվով խաղաղ բնակիչներ»:
Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Խաղաղ բոլոր բնակիչները, ինչպես նաև նրանց պաշտամունքի վայրերը, պետք է պաշտպանված լինեն: Ինչպես մենք շարունակում ենք ասել այս հակամարտության ամբողջ ընթացքում՝ մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների շարունակվող ահաբեկումը: Նախագահ Օբամայի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի միջև նախօրեին անցկացված հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր Սիրիայում փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների, շարունակվող տառապանքները», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
Հարֆի համաձայն, Միացյալ Նահանգները տեղյակ է, որ Քեսաբում պատերազմող խմբավորումները պարտավորվել են իրենց գործողությունները չուղղել խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև հարգել փոքրամասնություններին և վերջիններիս պաշտամունքի վայրերը:
«Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ այս խոստումները կկատարվեն: Մենք կշարունակենք հետևողական աջակցություն տրամադրել Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում բռնություններից տուժածներին, այդ թվում՝ սիրիահայերին: Մեր մտահոգությունն արդեն վաղուց են առաջացնում բռնություններ գործող ծայրահեղականները, և Սիրիայի հայկական համայնքի դեմ ուղղված վերջին սպառնալիքները վերահաստատում են այս մտավախությունները», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Հարֆը:
Աղբյուրը՝ amerikayidzayn.com