Հովիկ Աբրահամյանը դարձել է Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք: Նա մշտապես ընկալվել է որպես Քոչարյանի թիմակից: Նա նաև Հայաստանի մյուս ամենահարուստ օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանի խնամին է: Վերջինս իր հարստությունը նույնպես կուտակել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք: Ծառուկյան ու Աբրահամյանը մինչ այժմ ամենասերտ հարաբերություններն ունեն Քոչարյանի հետ:
Ներհայաստանյան բազմաթիվ քաղաքական իրադարձություններ ծավալվել և ինչպես երևում է դեռ ծավալվելու են Քոչարյան-Ծառուկյան-Աբրահամյան եռանկյունու անմիջական ազդեցության ներքո: Ինչու: Որովհետև, կարծես թե, իրականություն է դառնում Հովիկ Աբրահամյանի մանկության, իսկ Ծառուկյանի և Քոչարյանի դեպքում վերջին 5-6 տարիների երազանքը: Հովիկ Աբրահամյանը, ում անունը մշտապես կապվում է ներպալատական դավադրություններ կազմակերպելու հետ, ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի իշխանությունը բռնի տապալելու մեջ, ինչը բացահայտվեց և Աբրահամյանը ստիպված եղեվ հրաժարական տալ ԱԺ նախագահի պաշտոնից, այժմ հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ Հովիկ Աբրահամյանի՝ գործադիր լծակներին տիրանալուց հետո, Սերժ Սարգսյանը կարճ ժամանակահատվածում վեր է ածվելու անգլիական թագուհու՝ համապատասխան հետևանքներով: Հովիկ Աբրահամյանը շատ կարճ ժամանակահատվածում ԲՀԿ-ի օգնությամբ իր թևերի տակն է առնելու ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, և Ժառանգությանը, որոնք այժմ էլ ԲՀԿ-ի գրպանում են, ու առանց այդ կուսակցության այլև ինքնուրույն ոչինչ չեն կարողանում անել թե ֆինանսապես, և թե քաղաքական գործունեության տեսանկյունից:
Չմոռանանք նաև, որ Հ. Աբրահամյանը կարկառուն դաշնակցական Դ.Լոքյանի որդուն նշանակել և պահում է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում` դրանով իսկ իրենցով անելով ՀՅԴ-ի մի մեծ մասին, քանի որ Լոքյանն իր պաշտոնավարման տարիներին մեծ կապիտալ է կուտակել և դրա արդյունքներից կերակրում է շատ դաշնակցական նոմենկլատուրշիկների:
Այսինքն Հ.Աբրահամյանը իրենով է արել և ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, իսկ ՀԱԿ-ի հետ էլ կաշխատի իր հայտնի «համախոհ» Նաիրա Զոհրաբյանի միջոցով, ով հաջողությամբ «կառավարում է» ՀԱԿ-ի Լևոն Զուրաբյանին, նրան «Լյովիկ» փաղաքշականով կոչելով:
Դե իսկ Րաֆֆու դեպքում ամեն ինչ պարզ է` Վովայի հետ հայտնի մոմավառությունից հետո:
Մեկ րոպե անգամ չկասկածեք, որ նույն ՀՀԿ-ում կան 2 տասնյակ պատգամավորներ, որոնք մի գիշերվա մեջ, ինչպես դա եղել է 99թ.-ին կանցնեն Հովիկ Աբրահամյանի՝ իմա Քոչարյանի կողմը: Ոզնուն էլ է հասկանալի, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի նույնիսկ ժամանակից շուտ հրաժարականի դիմում գրել: Միամիտ կլինի կարծել, թե Սերժ Սարգսյանը այսքանը չի գիտակցում, պարզապես Սերժ Սարգսյանն էլ փորձում է իր խաղը խաղալ՝ վարչապետ նշանակել Աբրահամյանին, ով մասնավորապես ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի կողմից ընդունելի և կոմպրոմիսային թեկնածու է: Դժվար է հավատալ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կքննադատի իր խնամու կողմից կառավարվող Գործադիրը ու բարիկադներ կկառուցի:
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է ապահովագրել իր իշխանության անցնցում իրացումը, որը առաջին հայացքից ու տեսականորեն տրամաբանական է թվում, սակայն գործնականում այն դառնալու է Սերժ Սարգսյանի իշխանության կործանման սկիզբը:
Ամփոփելով արձանագրենք. ներքաղաքական դաշտում ձևավորվել է 2 բևեռ՝ գործող իշխանությունները՝ Սերժ սարգսյանի գլխավորությամբ և Քոչարյան-Ծառուկյան-Աբրահամյան եռյակը, որը, պետք է խոստովանենք, այս պահին հաղթում է գործող նախագահին՝ պարտադրելով իշխանության մասնակի փոխանցում՝ հետագայում այն ամբողջությամբ վերցնելու դավադիր մտադրությամբ:
Արայիկ Արամյան