Ապրիլի 14-ին տեղեկատվություն էր տարածվել, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Ազգային ժողով և հենց խմբակցությանը:
Asekose.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:
«Դավիթ Քոչարյանը ապրիլի 11-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է գրել, ոչ թե կուսակցությունից դուրս գալու: Մարդը չի ցանկանում լինել պատգամավոր»,- ասաց Զոհրաբյանը: Նա նշեց, որ այս պահին տեղյակ չէ, թե որն է եղել պատգամավորի նման որոշման պատճառը: «Մենք դեռ նրա հետ չենք խոսել: Այս պահին, նա Հայաստանում չէ: Երբ վերադառնա, կզրուցեմ նրա հետ և կհասկանամ պատճառները»,- ասաց Զոհրաբյանը:
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։