▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միկոյանը, իրոք, մեծ գործիչ էր, բայց ոչ` հայ գործիչ...

Անաստան Միկոյանի և Երևանում` նրա հնարավոր արձանի շուրջ...

Վերջերս մեծ աղմուկ է բարձրացել Անաստաս Միկոյանի անվան և Երևանում նրա արձանի կանգնեցման շուրջ:
Շատերը Միկոյանի վերաբերյալ «գտնում» են հնարավոր կոմպրոմատներ` արձանի կանգնեցման աբսուրդը հիմնավորելու համար: Դրանք հիմնականում հետևյալներն են.
ա. Միկոյանը Եժովի միջոցով դիմել է Ստալինին` Հայաստանում հավելյալ թվով մարդկանց գնդակահարելու համար,
բ. Միկոյանը Նարիմանովի և այլոց հետ գրել է Մոսկվա` թե Արցախն ու Զանգեզուրը պատկանում են Ադրբեջանին և վերջինիս կազմում էլ պետք է մնան,
գ. իր ելույթներում նա մշտապես արժևորում էր այն բոլշևիկներին, որոնք հանուն գաղափարի նույնիսկ սեփական հորն են համարել ժողովրդի թշնամի:
Միկոյանին գնահատելու համար հարկ է հաշվի առնել մի շարք գործոններ.
ա. ինչ մասշտաբի գործիչ է եղել Միկոյանը,
բ. ազգային հարցերում ինչպիսի դիրքորոշում է ունեցել տարբեր ժամանակահատվածներում,
գ. ինչու մինչև այժմ (թե´ խորհրդային տարիներին և թե ՀՀ առաջին երկու տասնամյակներին) նրա երևանյան արձանի հարցը չէր առաջացել,
դ. արդյոք գերտերության հայ գործիչը, որին ամերիկյան կողմը գնահատել է որպես «ճգնաժամերի մեծ դիվանագետ», անկախ իր դիմագծից, կարող է որևէ օգտակար խորհուրդ հաղորդել ՀՀ-ին կամ հայությանը,
ե. մենք արդյոք իրավունք ունենք վերոհիշյալի հիման վրա դեմ կամ կողմ լինել Միկոյանի արձանի կանգնեցմանը Երևանում:

Եվ այսպես, ըստ հերթականության:


Մինչև բոլշևիկ դառնալը նա թե´ գործունեության մասշտաբով և թե´ ազգային դիմագծով առանձնապես աչքի ընկնող անձ չի եղել: Ուստի` գնահատել նրա գործունեության վաղ շրջանը և փորձել դրանով հասրակությանը մատուցել որևէ էական արդյունք, անիմաստ է: Սակայն ամենավերջում մի վկայություն կբերեմ, որը ցույց է տալիս, որ առնվազն այդ շրջանում Միկոյանը վառ հայրենասեր է եղել:
Արցախի ու Զանգեզուրի հետ կապված պետք է նշել պատմական մի ճշմարտության մասին, որը մենք «բարեխղճորեն» մոռանում ենք: 1920 թվականին, ի թիվս հայության մարմինը կեղոքող դժբախտությունների, առկա էր մի հենքային իրողություն: Հայությունը երկփեղկված էր քաղաքականապես ու գաղափարականապես, ըստ որում` առկա էր այնպիսի մի թշնամություն հայության երկու գաղափարական հատվածների` ընդհանուր առմամբ դաշնակցական կոչվող հատվածի ու բոլշևիկների միջև, որ «դաշնակների բույն» համարվող Արցախը (մինչև մայիս այնտեղ էր Դրոն, իսկ նրա օրոք ու նրանից հետո` Թևանը) և Զանգեզուրը (մինչև 1921 թ. հուլիսն այնտեղ էր Նժդեհը) բոլշևիկների «անդրկովկասյան հանրապետություն» համարվող Ադրբեջանին միացնելուն կամա թե ակամա կողմ էին շատ ու շատ այլ հայ բոլշևիկ գործիչներ ևս (և միայն Ալ. Մյասնիկյանն էր, որ 1921 թվականին հայտարարեց, որ Զանգեզուրը մաս է կազմելու Հայաստանի խորհրդային հանրապետությանը): Այդ իրողությունն էր պատճառը, որ Զանգեզուրի և Արցախի` Ադրբեջանին միացվելը թերևս ընկալվում էր որպես «հակահեղափոխական դաշնակցականներից» ազատվելու միջոց: Միկոյանն այդ երկփեղկված իրականության վառ ներկայացուցիչն էր, երբ պահանջում էր հավելյալ մարդկանց գնդակահարել Հայաստանում «դաշնակներից ու այլ հակասովետական տարրերից»: Ի վերջո, դատելով Արցախին ու Զանգեզուրին վերաբերող գրության հեղինակային կազմից, որն ընդգրկում էր Միկոյանից ու Նարիմանովից բացի նաև Նուրիջանյանին ու Մդիվանուն, ցույց է տալիս, որ Մոսկվա է փոխանցվել ոչ թե ինչ-որ անձնական կարծիք, այլ Անդրկովկասի երեք հանրապետությունների ընդհանուր «տեսակետը», որը կարող էր և անպայմանորեն պարտադրված էր: Մյուս կողմից, չնայած այդ «տեսակետին», Զանգեզուրը թողնվեց Հայաստանի խորհրդային հանրապետության կազմում, ուստի` դա վճռորոշ կարծիք չէր:
Միկոյանը վախճանվել է 1978 թվականին, բայց Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը Երևանում նրա արձանը կանգնեցնելու մասին չի մտածել, թերևս, այն պատճառով, որ այդ արձանի իրական տեղը Մոսկվան էր: Երևանում նրա արձանը կանգնեցնելու մասին չեն մտածել նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության շրջանում: Ի դեպ, նրա արձանը կանգնեցվել է Սանահինում` Միկոյան եղբայրների տուն-թանգարանի առջև: Տուն-թանգարանի առջև հուշարձանի տեղադրումը, հասկանալի է, ունի բոլորովին այլ խորհուրդ, քան կունենար, եթե կանգնեցվեր Երևանում: Եվ չի կանգնեցվել: Չի կանգնեցվել, քանի որ թե´ քաղաքական և թե´ գաղափարախոսական առումով դրա անհրաժեշտությունը չի եղել:
Կա՞ արդյոք այդ անհրաժեշտությունն այսօր:
Հուշարձանը «կոչված է» որևէ կարևոր խորհուրդ փոխանցելու ապրող սերնդին, ուստի` ներկայումս Միկոյանի արձանի կանգնեցման խնդիրը Երևանում պետք է դիտարկել այդ հենքի վրա: Այդպիսին կարող է լինել այն իրողությունը, որ հայությունը ծնել է գերտերության մեծ դիվանագետ ու քաղաքական գործիչ, որն անուրանալի դեր է խաղացել «Կարիբյան ճգնաժամի» հաղթահարման և աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմից փրկելու գործում: Բայց արդյոք կա՞ այդպիսի խորհրդի անհրաժեշտությունն այսօր, հատկապես, երբ խորհուրդ փոխանցողն այնպիսի մեկն է, որի անվան հետ են կապված հակազգային վերոհիշյալ գործողությունները:
Մյուս կողմից` ի՞նչ է գրվելու հնարավոր հուշարձանին: Հավանաբար կգրվի. «Անաստաս Միկոյան (1895-1978). ԽՍՀՄ պետական ու քաղաքական գործիչ, դիվանագետ»: Ներկա սերնդին, հատկապես, անկախության տարիներին ծնվածներին այդպիսի մակագրությունը ոչինչ չի ասի, և հուշարձանի խորհուրդը կլինի զուտ ձևական: Այն գուցե թե «սրտահովանք» դառնա ԽՍՀՄ շրջանի որոշ անձանց համար, բայց այդ նպատակով հուշարձան չեն կանգնեցնում: Իսկ եթե խնդիրը մարդկությանը հայազգի մեծանուն գործիչներ «հրամցնելն» է, ապա արդյո՞ք այդպիսի մարդկանց պակաս կա: Եվ ինչու՞ պետք է փնտրել արդեն գոյություն չունեցող պետության հայազգի գործիչների շարքերում: Եթե ընտրության «սկզբունքն» այդ է, ապա` ինչու՞ չընտրել Օսմանյան կայսրության հայազգի վեզիրներից կամ այլ բարձրագույն պաշտոնյաներից, որոնցից որոշներն աչքի են ընկել վառ ազգային դիմագծով: Ավելին, հայազգի գործիչներ փնտրել այնպիսի անձանց մեջ, որոնք հանուն գաղափարի սեփական հորը ժողովրդի թշնամի հռչակածներով են փորձել ոգևորել ու առաջ մղել սերունդներին, կասկածելի արդյունքներ կարող է ունենալ:
Կա մեկ այլ ցավալի իրողություն: Հայտնի է, որ 1020-30-ական թվականներին բոլշևիկյան մեքենայի կողմից աքսորվեցին ու գնդակահարվեցին հազարավոր հայեր: Նրանց մի մասը զոհ գնաց այլազգիների խարդավանքներին, բայց մի մեծ մասն էլ` ազգակիցների, նույնիսկ` դրկիցների «մատերիալին»: Եվ եթե հանկարծ մի օր բացահայտվեն վերջիններիս անունները, ինչպիսի խորը թշնամանք կառաջանա «մատերիալ» գրողների ու նրանց զոհերի սերունդների միջև, որոնք գուցե այսօր ապրում են հաշտ ու համերաշխ` անտեղյակ անցյալին: Միկոյանի անունով փաստարկված նամակում բացահայտվում է ցավալի իրողություն: Բայց չէ՞ որ Միկոյանը միակը չէր այդ հարցում: Կային էլի շատերը: Նրանց սերունդներն այսօր գուցե դեմ են Միկոյանի արձանի կանգնեցմանը: Շատ հնարավոր է...

ԽՈՍՏԱՑՎԱԾ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Վանի 1915 թվականի հերոսամարտի կազմակերպիչներից մեկը արմենական Հարություն Կաքավյանն էր: Նրա որդին` Վահրամը, 1915 թվականին 12 տարեկան էր: Գաղթից հետո սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Գաղթական վանեցիները ծայրահեղ ծանր վիճակում էին, իսկ թիֆլիսահայ նրանց դասարանցիները նրանց անընդհատ ծաղրում էին աղքատիկ հագուստի պատճառով: Եվ մի օր Վահրամն ու ընկերները որոշեցին դիմադրել: Կռիվ էր հասունանում, երբ խառնվեց տարիքով բարձր մի երիտասարդ: Ճշտելով կռվի պատճառը` նա հանդիմանեց ծաղրողներին` ասելով, որ վանեցիները հերոսներ են, որոնք կռվել ու հաղթել են թուրքերին, և նրանց մեծարելու փոխարեն ծաղրելը ամոթալի և ստոր արարք է: Ծաղրողներն ամոթահար հեռացան:
Հանդիմանող երիտասարդն Անաստաս Միկոյանն էր:
Այս պատմությունը Վահրամ Կաքավյանը գրի է առել հետագայում, երբ բնակվում էր Ֆրանսիայում և դարձել էր գրող` Վիկտոր Գարդոն անունով: Նրա «Զմրուխտավառ ասպետ» ինքնակենսագրական վեպը հայերեն թարգմանությամբ հրատարակվել է Երևանում 1991 թվականին:

P.S. Ես ևս դեմ եմ, որ Միկոյանի արձանը կանգնեցվի Երևանում, քանի որ նրա անունը որևէ էական խորհուրդ չի պարունակում ապրող և պայքարող մեր ներկա սերնդի համար: Բավական է Սանահինի հուշարձանը: Ավելին, նրա արձանը Երևանում կարող է անպատասխան բազմաթիվ հարցեր առաջացնել, քանի որ դեռևս մնում են մեզ համար խորհրդանշական մեծագույն հերոսներ, որոնք ոչ միայն հայրենիքում հուշարձան չունեն, այլև դեռևս գտնվում են հայրենիքից հեռու, ինչպես զորավար Սեպուհը, որը մահացավ ԱՄՆ-ում և պատվիրեց այրել իր մարմինն ու պահել այնքան, մինչև որ հնարավոր կլինի ամփոփել հայրենի հողում:
...Խորհրդային միության գործիչի արձանը Երևանում...
Միկոյանը զուտ հայազգի գործիչ է և ոչ թե հայ ազգային գործիչ: Նա ԽՍՀՄ գործիչ է, ոչ թե Հայաստանի (թեկուզ Խորհրդային Հայաստանի) գործիչ: Նրա համար կուսակցական գաղափարը վեր է եղել ամեն ինչից, որը նա փորձել է հիմնավորել նույնիսկ անհրաժեշտության դեպքում սեփական հորը թշնամի հռչակելու պատգամով: Այսինքն` ինքն էլ կաներ նույնը և արել է: Ըստ որում` հավատալով, որ դա է ճշմարիտը:
Արդյո՞ք մենք այսօր կարիք ունենք նման «ճշմարտությունների» կրողների հուշարձանների:
Իսկ նրան դրական լույսի ներքո ներկայացնող պատմությունն էլ բերեցի, որպեսզի պահպանվի արդարությունը: Սակայն նա այդպիսին էր մինչև բոլշևիկ դառնալը: Այդուհետ սկսվեց բոլորովին այլ մարդու բոլորովին այլ կենսագրություն, երբ նրան որպես հայ ընկալելն անիմաստ է: Նա բոլշևիկյան կուսակցության և խորհրդային պետության գործիչ էր, որ խորթացել էր ազգայինից:
Միկոյանը, իրոք, մեծ գործիչ էր, բայց ոչ` հայ գործիչ...

 

Արման Եղիազարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին