▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարբերել զորահանդեսը կարուսելից. Ի՞նչ մեսիջ են հղում ռուսները Գյումրիում անցկացվող շքերթով

Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ Գյումրիում շքերթ են անցկացնելու: Սա տարակարծությունների առիթ է հանդիսացել:

«Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի նախաձեռնող Գեղամ Նազարանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  խոսելով նախատեսվող շքերթի մասին` ասաց.

«Ես ցավ եմ ապրում, որ նման շքերթներ են լինում:  Ես հայ-ռուսական հարաբերությունների սերտացման եւ զարգացման կողմնակից եմ, բայց դեմ եմ, որ մենք կորցնում ենք մեր արժանապատվությունը: Երեւանում ռազմական շքերթ չի անցկացվում, ու չգիտես ինչու, այն անցկացվում է Գյումրիում, այն էլ` հիմնական մասնակիցները ռուսական զորքերն են: Նրանք կարող էին շքերթ անել իրենց ռազմական հենակայանի տարածքում, եւ ոչ քաղաքի հրապարակում: Ցավում եմ, բայց գյումրեցիները իրենց բարձրության վրա չգտնվեցին, նրանք այդպես էլ չկարողացան զորահանդեսը կարուսելից  տարբերել»:

Քաղաքագետ, վերլուծաբան Դերենիկ Մալխասյանի խոսքով էլ` սովորաբար մայիսի 9-ին անցկացվող շքերթը համատեղում են Շուշիի ազատագրման տոնակատարությունը եւ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը: Բայց, այս անգամ Գյումրիում անցկացվող շքերթը, որին մասնակցում են նաև հայկական զորամասերը, բացառապես նվիրված է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին, որին իրենց մասնակցությունն են բերել հարյուր հազարավոր հայեր:

«Բնականաբար այդ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի մեջ հայ ժողովրդը իր մասնաբաժինը ունի եւ ամենեւին էլ մենք մեզ չպետք է օտարենք այդ հաղթանակից: Այլ խնդիր է, որ այս տարի Գյումրում նախատեսվող շքերթը ինչքան գիտեմ շրջանցում է Շուշիի ազատագրումը: Բացի այս շքերթի հետ կապված մի շարք հարցեր են առաջանում: Նախ, ինչու՞ Գյումրիում, եւ ոչ թե մայրաքաղաք Երեւանում: Արդյո՞ք, հայկական կողմը մերժել է նման շքերթ անցկացնել Երեւանում եւ ինչ պատճառաբանությամբ: Ու՞մ է պատկանում Գյումրիում ռազմական շքերթ անցկացնելու նախաձեռնությունը: Հայկական կողմը սեփական երկրում անցկացվող ռազմական շքերթի կազմակերպիչ է, թե՞ հրավիրյալ: Եթե նախաձեռնությունը ռուսական կողմին է, ապա ի՞նչ մեսիջներ են հղում դրանով մեզ եւ արտաքին աշխարհին»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին