▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկզբունքային որևէ նոր բան Ուորլիքի կողմից չի հնչեցվել. քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ,  դեսպան Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը՝  Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, բուռն արձագանք է առաջացրել: Որոշ շեշտադրումներ ու եզրեր՝ հատկապես Արցախի  ազատագրված շրջանները «գրավյալ» բնորոշելը արդարացված դժգոհության ու զայրույթի առիթ են դարձել: Խոսքը վերաբերում է հատկապես  Ուորլիքի ելույթի 6 շեշտադրումներին, առանց որոնց, ըստ ամերիկացի համանախագահի՝ անհնար կլինի տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել:

Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի Կարգավորման ուղիների մասին իր ելույթում մասնավորապես շեշտում է, որ.

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության:

«Սկզբունքային որևէ նոր բան դեսպան Ուորլիքի հայտարարություններում չի հնչեցվել: Ավելին՝ կարելի է ասել, որ նրա կողմից չափից ավելի ազատ մեկնաբանություն տրվեց այն կետերին, որոնք արդեն 10 տարի է՝  շրջանառության մեջ են և հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ»,- մեկնաբանելով Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը՝ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ կան կետեր, որոնք միգուցե ցանկալի են մեզ համար, կետեր, որոնք ցանկալի են Ադրբեջանի համար, բայց իրականում այս նախապայմանները չեն կարող խնդրի կարգավորման հիմք հանդիսանալ, քանի որ կան կետեր, որոնք ընդհանրապես ընդունելի չեն:

«Այս հայտարարության մեջ միակ նորությունն այն փաստն է, որ նախաձեռնությունը  ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ երեք համանախագահ երկրներից միայն  մեկինն է:  Սա մասամբ բացատրել էր պարոն Հեֆերնը՝ նշելով, որ կապված է հրադադարի 20-ամյակի հետ, թեև Պետդեպի խոսնակը հերքել է, որ Հեֆերնը նման հայտարարություն է արել: Իրականում այս ամենը կապված է նաև Ուկրաինայի դեպքերի հետ: ԱՄՆ-ն փորձում է նոր նախաձեռնություն սկսել՝  առանց համանախագահ 2 երկրների: Սա նաև վտանգ է պարունակում. ԱՄՆ-ի կողմից  առանձին նախաձեռնությամբ  հանդես գալը կարող է հնարավորություն տալ կամ  լեգիտիմացնել,  որ մյուս համանախագահները կամ համանախագահներից մեկը (ՌԴ-ն)  կարող է եթե ոչ տապալել, գոնե զուգահեռ նախաձեռնութուններով հանդես գալ՝   փորձելով կապել  Ղրիմի դեպքերի  կամ որևէ այլ գործընթացի հետ:  Դրանով ոչ միայն նախաձեռնությունն իր ձեռքը կվերցնի, այլև կվտանգի Մինսկի խմբի շրջանակը: Հենց սա է գլխավոր վտանգը: Ես կարծում եմ՝ Վաշինգտոնը ճիշտ չի գնհատել  Ռուսաստանի հնարավոր  արձագանքն այս քայլին»:

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ  Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն անբավարար է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի հանախագահ Ջեյմս Ուորլիքի գործունեությունը և պահանջում  նրան հետ կանչել:

Մեր դիտարկմանը, թե Ադրբեջանի դժգոհությունը  կարո՞ղ էր որևէ ազդեցություն ունենալ Ուորլիքի հայտարարության վրա, Սերգեյ Մինասյանը պատասխանեց.

«Այն,  ինչ հնչեցվել էր Ադրբեջանի փոխարտգործնախարարի կողմից, փորձ էր ազդել Ուորլիքի հայտարարության վրա՝ դրան հնարավորինս պրոադրբեջանական երանգ տալու համար:  Որևէ ազդեցություն ունեցել է,  թե ոչ, չեմ կարող ասել: Ինչպես վերը նշվեց, խնդիրն այն է, որ եթե ԱՄՆ-ը միանձնյա, առանց մյուս երկու համանախագաների փորձում է  որևէ հարց առաջ քաշել՝ միաժամանակ նշելով, որ կողմ է Մինսկի խմբի շրջանակների ֆորմատի պահպանմանը, կարող է վտանգ ստեղծել.  Ռուսատանը ևս կարող է նախաձեռնություն վերցնել:  Արդյունքում՝ կարող ենք ունենալ խնդիրներ Մինսկի խմբի հետագա ֆորմատի հետ կապված»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին