▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու՝ Լյուբիկի քայլից պետք չէ վրդովվել

Քիչ առաջ կարդացի իջևանցի բանաստեղծ, Տավուշի մարզպետի երկարամյա խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանի երկարաշունչ նամակը, որտեղ ակնարկում է, որ մտադիր է դիմել Իլհամ Ալիևին՝ ստանալու քաղաքական ապաստան: «Հայաստանում միայն մի ամոթ կա, այն էլ ինձ մոտ է, ու ես ամաչում եմ, որ ձեր ազգակիցն եմ: Հիմա պատրաստվում եմ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրել, երբ թշնամուս մոտ էլ մի քանի կամեցող կճարվի»:

Լյուբիկը, որը հայտնի է որպես Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարներին նվիրված երկարաշունչ ձոների հեղինակ, թերևս, կորցրել է իրականության զգացումը. նա երկար տարիներ վայելել է իշխանությունների առատաձեռնությունը և լռելյայն կատարել պալատական ծաղրածուի իր դերը: Ինչու Լյուբիկը իր հանդեպ քաղաքական հետապնդումներ չէր տեսնում այնքան ժամանակ, մինչև Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը որոշեց ազատվել ծաղրածուի այդ տեսակից և պահանջեց դիմում գրել: Լյուբիկը հայտարարում է, որ տարիներ շարունակ իր հանդեպ Սերժ Սարգսյանն ու մյուսները անարդար են եղել. իսկ ինչու այդ մասին չէր բարձրաձայնում՝ նրան ու Պուտինին ձոնված իր երկարաշունչ ներբողներում:

Այժմ որոշել է դիմել Ալիևին՝ Ադրբեջանում քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Թող դիմի, ինքը ամբողջ կյանքում նախապատրաստել է իր ադրբեջանաֆիկացումը: Նա այն հայտնի պալատական բանաստեղծն է, ով գրել է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված «Էլնարա» գիրքը, ով երգում է «Ա բլբուլ» երգը:

Երգչուհու «Ա բլբուլ» երգը հակահայկական երգ էր: Այդտեղ ցույց է տալիս, թե ինչպես է սոխակը վանդակի մեջ թռչկոտում, գերյալ է, ըստ երգի՝ այդ սոխակն Արցախն է: Ինչպե՞ս կարելի է գիրք ձոնել մի երգչուհու, ով Լյուբիկին դուր եկած «Ա բլբուլ» տեսահոլովակում զետեղել է վանդակի մեջ սոխակ՝ որպես ադրբեջանցիների համար կորսված Արցախի խորհրդանիշ: Էլնարան իր խոսքում շեշտում է, որ իր երգը նվիրված է Արցախին:

Չիբուխչյանը ցնցվել է այս երգից և գիրք նվիրել; Ու այդ մարդը երկար տարիներ Տավուշի մարզպետի խորհրդականն էր, վայելում էր իշխանությունների բարեհաճությունը, և հավանաբար չէին համարձակվում նրա խաթրին կպչել, քանի որ Սերժ Սարգսյանին ու Պուտինին ներբողներ էր ձոնել:

Այժմ ազատվել է և բարձրաձայնում է, որ իր նկատմամբ անարդար են եղել: Սակայն անարդարության դեմ պայքարելու փոխարեն նա գիրք է ձոնել Սերժ Սարգսյանին, Արցախի նախագահին և մյուսներին: Արհամարհանքի է արժանի այն մարդը, որ հանուն իր պաշտոնի համակերպվում է ամեն այլանդակության հետ:

Իսկ Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու՝ Լյուբիկի քայլից պետք չէ վրդովվել: Թող գնա իր երազանքների երկիրը: Իլհամն ու Գյուլնարան թող խաղաղություն բերեն նրա խռովյալ հոգուն: Նա այստեղ ևս հոգով ադրբեջանցի է, պետք չէ զոռով պահել այստեղ...

Եվ անկախ քաղաքական տարաձայնություններից, պարզ ասում եմ՝ ապրի Աբովյան Հովիկը, որ ձերբազատվեց պալատական այս ծաղրածուից: Հուսով եմ՝ չի մոռացել նրա հետ ճանապարհել Պուտինին, Սերժ Սարգսյանին և մյուսներին ձոնված երկարաշունչ և տափակ ոտանավորները:

Թող գնա հիմա էլ Ալիևին գրքեր ձոնի: Հեյդարին նվիրված ներբողները, ասում են, լավ են վարձատրվում...

 

Վարուժան Բաբաջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին