«Ի՞նչ հիմքով է կատարվել «Նարեկ» հանգստայան տան նվիրաբերումը Գյումրու քաղաքապետարանին: Պետական գույքի մասնավորեցման օրենքի 14-րդ հոդվածով այդպիսի ռեժիմ նախատեսված չէ ընդհանրապես: Մասնավորեցումը կարգավորված է օրենքով»,- ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը նման հարց ուղղեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, ով ի պատասխան նշեց.
«Այս պահին էլ «Նարեկ» հյուրանոցում ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ: 2006- 2007 թվականների ծրագրի մեջ է եղել: Այն տրվել է Գյումրիի համայնքին, որպեսզի համայնքը կարողանա զբաղվել սոցիաապես անապահով ընտանիքների խնդիրներով»:
Լևոն Զուրաբյանը հարց հնչեցրեց նաև հյուրանոցի վերաբերյալ.
«Ըստ Ձեր հաշվետվության՝ «Դվին»-ը հյուրանոցին ուղղվել են 860 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ: Մի կողմ թողնենք, որ ժամանակին այն սեփականաշնորհվել է 100 հազարով: Մեր ունեցած տեղեկություններով՝ «Դվին»-ը ինչպես եղել է փլատակ, այնպես էլ շարունակում է մնալ փլատակ: Վերջին օրերին ենք հետազոտություն արել: Ոչ մի փոփոխություն չկա»:
Ի պատասխան՝ Արման Սահակյանը նկատեց.
«Նախկինում կնքված պայմանագիրը իրավական թույլ հիմքեր ուներ: 2011-2013-ին մենք բավական լուրջ բանակցություններ ենք վարել սեփականատիրոջ հետ: Նախկին պայմանագրով կողմը պարտավորվել էր կատարել 13 մլն դրամի ներդրումներ, սակայն պայմանագրում չկար մի դրույթ, թե չկատարելու դեպքում ինչ է սպասվում սեփականատիրոջը: Այժմ փոխվել են շատ դրույթներ: Ներդրումները լրիվությամբ կատարվել են: Ես կարող եմ ներդրումների ամբողջ փաստաթղթերը տրամադրել և Դուք կտեսնեք, որ ներդրումները կատարված են»: