ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որից հետո նրան հարց ուղղելու ցանկություն հայտնեց երկու պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրություններին:
«Այն դուրս մղելո՞ւ եք ԱԺ օրակարգից, թե՞ ոչ և որն է լինելու դրանց ճակատագիրը»,-հարցրեց պատգամավորը:
Պատասխանելով հարցին՝ ԱԺ նախագահը ասաց.«Հռետորական հարց եք տալիս, որովհետև ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահն ասաց իր դիրքորոշումը, իսկ դա գտնվում է նրա լիազորությունների շրջանակում»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցն էլ վերաբերում էր Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին Սուրեն Խաչատրյանին նշանակելուն:
«Մեկ տարի առաջ փաստեր հրապարակեցի, համաձայն որոնց Սյունիքի նախկին, այժմ ներկայիս մարզպետ Սուրիկ Խաչատյանը իր տան մոտ անձամբ է սպանել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին: Հիմնավորել եմ նաև, որ նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը կոծկել է այդ փաստերը: Այս ամենը հայտնի է հանրությանը: Նրանց մոտ էլ արմատացած է, որ սպանությունը կոծկվել է ամենաբարձր մակարդակով: Ու, այսքանից հետո Ձեր կառավարությունը նրան կրկին Սյունիքի մարզպետ է նշանակում»,-ասաց պատգամավորը՝ ԱԺ նախագահին հարցնելով.
«Ի՞նչ եք ուզում ասել սրանով: Սյունեցիներից մեկին ոչնչացնողին նշանակելով մարզպետ՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ կառավարության որոշման մակարդակով Դուք նրան տալիս եք Սյունիքում, ՀՀ այլ տարածքում սպանություններ և այլ լկտիություններ կատարելու արտոնագիր»:
ԱԺ նախագահը, պատասխանելով հարցին՝ նկատեց. «Երբ որ կկարողանաք ԱԺ-ին լիազորություններ տալ՝ դատաիրավական, քննչական գործողությունների մասով, հարցը կարող եք ուղղել ԱԺ-ին»:
Անի Կարապետյան