«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում մինչ կսկսեր իր ելույթը՝ շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանին՝ զեկույցի համար:
Պատգամավորը նշեց, որ ԱԺ շրջանառության մեջ էր դրել հայտարարության մի նախագիծ, անձի մասին, ով մի քանի անգամ դատապարտված է եղել խուլիգանության, մարմնական վնասվածքներ հասցնելու, տարբեր տիպի գողությունների համար և նշանակվել է մարզպետի պաշտոնում:
«Բացի այն, որ այդ պաշտոնում է, գիտենք որ մարդ է սպանել: Իսկ ներկայիս Գլխավոր դատախազը շարունակում է նույն ոճի գործունեությունը, ինչն իրականացնում էր իր նախորդը: Նա նախաքննության ընթացքում հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել»,-նկատեց Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ մենք գրեթե չունենք դատական համակարգ:
«Այն ծայրահեղ կոռումպացված է: Դատական համակարգի նկատմամբ կա քաղաքական ճնշում»:
Եվ, քանի որ դատական համակարգը չի գործում պատգամավորը օգտագործելով իր լիազորությունները՝ մի դատավճիռ փորձեց արձակել.
Դատավճիռ՝ հանուն հայ ժողովրդի և ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի. Հայ ժողովրդի դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ի դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործը՝ ըստ մեղադրանքի: Սերժ Սարգսյանը, ծնված 1954թ.Ստեփանակերտ քաղաքում, աշխատել է որպես ՀՀ նախագահ, բնակվել է Բաղրամյան 26 պալատում, մեղադրվում է պետական դավաճանության, իշխանությունը յուրացնելու...»:
Պատգամավորը այդպես էլ չկարողացավ բարձրաձայնել բոլոր մեղադրանքները, քանի որ խոսափողը անջատվել էր...
Անի Կարապետյան