▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանությունն իրականացրած հանցագործների անունները պետք է հանվեն փողոցներից.Թուրք պրոֆեսոր

«Ստեղծել ենք մի միություն, որը կոչվում է «Ժողովուրդների կամրջում» ու   պայքարում ենք ատելության վերացման ուղղությամբ, ուստի Հայաստան ենք ժամանել՝  ներողություն խնդրելու համար:

«Գլուխներս խոնարհելով ներողություն ենք խնդրում»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թուրքիայից Հայաստան ժամանած Իզմիրի բժշկական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Չեմ Թերզին՝ շարունակելով.

«Ցեղասպանություն  նշանակում է նախապես պլանավորված գործողություն, որի նպատակն է՝ ոչնչացնել բոլոր արժեքներն ու այն ամենը, ինչ կապված է դրա հետ: 1915թ. նպատակ ունեին ոչնչացնել քրիստոնյաներին, այդ թվում՝ հայերին, ասորիներին, պոնտոսցիներին: Այս ժողովուրդները ոչնչացվեցին, նրանց հասարակական, քաղաքական, մշակութային կառույցները նույնպես: 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այսօր ժխտելը նշանակում է շարունակել նույն գործողությունները: Իսկ ողջ մնացածների մահմեդականացումը, նրանց  գույքի բռագրավումը նշանակում է շարունակել այդ գործողությունները: Որպես մի պետության ժառանգորդներ, որը իրականացրել է ցեղասպանություն, պարտավոր ենք հիշել ու հիշեցնել տեղի ունեցածի մասին, կրել պատասխանատվություն՝ անցյալում տեղի ունեցածի համար: Թուրքիային ժողովրդավարության համար պարտադիր է այս իրականության հետ առերեսումը, որպեսզի վերանա նաև ատելությունը, ազգայանամոլությունը: Պարտավոր ենք առերեսվել իրականության հետ՝ հանուն բարեկամության և եղբայրության:

Պահանջում ենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պահանջում ենք, որ պատասխանատվությունը լինի իրավական և քաղաքական տեսանկյունից: Ցեղասպանության զոհերին մենք արդարություն ենք պարտք: Թուրք ժողովրդի 100-ամյա լռությունն անընդունելի է: Սա ցեղասպանության տրամաբանության շարունակությունն է: Մենք՝ որպես միություն, ընդունում ենք մեր քաղաքական պատասխանատվությունը: Պահանջում ենք սուգ պահել՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի.կառուցել հուշարձաններ, կազմակերպել միջոցառումներ»:

Պրոֆեսորը նշեց, որ իրենք դեմ են հանցագործների անուններով փողոցների ու կառույցների անվանակոչմանը:

«Սա անընդունելի ենք համարում: Ուզում ենք, որ այս հանցագործների անունները  հանվեն: Իրականությունն իմանալը իրավունք է: Պետք է վերացնել այն բոլոր արգելքները, որոնք ժողովրդին թույլ չեն տալիս իմանալ այն:

Թերզին նկատում է՝ մեծ ճնշում է կատարվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ աշխատանքներ տանող անձանց նկատմամբ:

Խոսելով դեռևս դպրոցական հյասակից թուրք սերնդին կեղծ  տեղեկատվություն հաղորդելու մասին՝ թուրք պրոֆեսորը նշեց, որ իրենց ամբողջ կրթական համակարգը պետության  կողմից է կառավարվում և այդ առումով երիտասարդները հնարավորություն չունեն ծանոթանալ իրական պատմությանը.

«Բազում խոչընդոտներ կան: Պարտադիր է փոխել պատմության դասագրքերը: Շարունակաբար ժխտող սերունդ է դաստիարակվում: Բայց ցանկացած սուտ հակառակ կողմն ունի: Այսօր շատերն են դեմ ժխտողական քաղաքականությանը: Ապագան փոխվելու է Հրանտ Դինքի  նման մարդկանց միջոցով: Ցավոք, մեր եղբոր սպանությունը Ցեղասպանության շարունակությունն էր և պետք է այլևս նման բան թույլ չտանք»,-եզրափակեց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին