▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հազարավոր հայ քաղաքացիներ ենթարկվել են պետական ահաբեկչության.Սէֆիլյան

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին մայիսի 30-ին կայանալիք հանրահավաքի, բանտում անցկացրած օրերի, շարժման նորացված մարտավարության, երկիրը աղետալի վիճակից հանելու ծրագրերի մասին: Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ ռեժիմը փորձ արեց արգելափակել ու վերացնել շարժմանը, իսկ արդյունքում՝ շարժումն ավելի հեղինակություն ձեռք բերեց. «Ռեժիմը ցույց տվեց, թե ինչից է ավելի շատ վախենում.քաղաքացիական զանգվածային անհնազանդությունից»,-նկատեց Չուգասզյանը:

Լրացնելով նրա խոսքը՝ Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ խնդիր էր դրվել այնպես անել, որ շարժման անդամներն ամիսներով հայտնվեին հիվանդանոցում. «Սակայն դա նրանց չհաջողվեց: Իսկ այս ամենին ուղեկցում էին ամենօրյա ահաբեկումները շարժման անդամների և այն քաղաքացիների նկատմամբ, որոնք համարձակվում էին շփվել մեզ հետ: Իշխանությունը, տեսնելով, որ չենք զիջում, հասկացավ, որ պետք է դիմի այնպիսի քայլի, որ առնվազն կարողանա խափանել մոբիլիզացիան: Ստիպված ձերբակալեցին մեզ՝ հույս ունենալով, որ կկարողանան ազդել մեր ընկերների վրա ու քաղաքի ծայրամասում հանրահավաքը, որը նախատեսված էր ապրիլի 24-ին՝ տեղի չունենար: Իսկ մենք միշտ հայտարարել ենք ու պնդել, որ ապրիլի 24-ին, 25-ին որևէ խժդժություն չենք պատրաստվում իրականացնել: Ինչպես տեսաք՝ նրանց հաջողվեց խափանել մոբիլիզացիան և դեր խաղաց մեր բացակայությունը: Հազարավոր հայ քաղաքացիներ ենթարկվել են պետական ահաբեկչության»,-նշեց Սէֆիլյանը:

Անդրադառնալով իրենց դեմ հարուցված քրեական գործին՝ Սէֆիլյանն ասաց. «Դեռ չի կարճվել, բայց ստիպելու ենք կարճել: Այսօր մենք ազատության մեջ ենք, բայց մեր խոսքը հնչում է բանտից»:

«Ռեժիմի հեռացումից հետո քաղաքական, տնտեսական, բարոյական և, հատկապես, իրավական համաներման մասով պետք է հասնենք նրան, որ ռեժիմի բանտային համակարգի գոծունեության հետևանքով հանցագործություն կատարած անձինք լինեն ազատության մեջ»,-հայտնեց Վարուժան Ավետիսյանը:

Վերջում շարժման ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ մայիսի 30-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա իրենց հանրահավաքը:

Հանրահավաք Ազատության հրապարակում
Հիմնադիր խորհրդարանը 2015 թ.Ազատության հրապարակում Հիմնադիր խորհրդարանը 2015 թ.

 

                                                                                         Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին