▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ազգը ձեզ համար ի՞նչ է, փորձադա՞շտ

«Դուք երեկ  Արամ Մանուկյանին պատասխանելիս կեղծ տեղեկություն եք տրամադրել: Սերժ Սարգսյանը երբեք հրապարակայնորեն չի ասել, որ չի ձգտում ԱԺ նախագահի պաշտոնին: Պետք չէ ապատեղեկացնել հանրությանը: Երկրորդ, երբ հիմնավորում եք կառավարման ձևի փոփոխման անհրաժեշտությունը, Ձեր գլխավոր փաստարկն այն է, որ գործող Սահմանադրությունը կոնֆլիկտոգեն է: Մի որեւէ օրինակ բերեք, որ մեզ մոտ որեւէ ճգնաժամ պայմանավորված է եղել կիսանախագահական համակարգով: 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանություններով լուծվեցին ԱԺ մեծամասնություն կազմող «Արդարություն» դաշինքի ու ՀՀ նախագահի կոնֆլիկտը, բայց ոչ կիսանախագահական համակարգն էր պատճառը: Կարո՞ղ եք եվրոպական ոչ միապետական երկրի Սահմանադրության օրինակ բերել, որտեղ վարչապետի պաշտոնի թափուր լինելու դեպքում թեկնածուի առաջադրումը պատկանում է ոչ թե նախագահին, այլ ԱԺ նախագահին: Եթե ոչ, ապա ինչո՞ւ եք առաջարկում, որ Հայաստանը դառնա միակ բացառությունը: Եվ, վերջապես, բացի Գերմանիայից, որի Սահմանադրությունն ընդունվել է 1949 թվականին՝ օկուպացիայի պայմաններում, խորհրդարանական Սահմանադրության որևէ օրինակ գիտե՞ք, որտեղ Գերագույն գլխավոր հրամանատարը նախագահը չէ»,-այսօր՝ ԱԺ-ում խոսքն ուղղելով Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին՝ ասաց Լևոն Զուրաբյանը:

«Ես որևէ կեղծ տեղեկատվություն չեմ ներկայացրել, հայտնի փաստ է»,-դեռ չէր ավարտել իր խոսքը Վարդան Պողոսյանը, երբ Լևոն Զուրաբյանը սկսեց հակադարձել նրան:

«Պետք է լսելու ունակություն ունենալ: Ի՞նչ կարևոր է՝ հրապարակային է ասել, եթե ես պնդում եմ, որ Հանրապետության նախագահը հայտարարել է հանրության համար, որ չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին, եթե անցում է կատարվելու խորհրդարանական համակարգին: Ինչ վերաբերում է կիսանախագահական երկրներին, եղել է, որ այն ճգնաժամային իրավիճակ է առաջացրել: Ես խոսել եմ, Հանրապետության Առաջին նախագահի կողմից հրաժարական ներկայացնելու մասին, որը, նրա պնդմամբ, չի եղել իր հոժար կամքով և եղել է ճնշումների ներքո: Խորհրդարանական համակարգում նման իրավիճակներ չեն կարող առաջանալ: Ինչ վերաբերում է 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերին, ապա Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Հակադարձ հարված եք հասցնում ձեզ. ես երբեւէ չեմ ասել, որ կա պատճառահետեւանքային կապ ՀՀ նախագահի եւ ԱԺ մեծամասնության հակասությունների ու հոկտեմբերի 27-ի միջեւ: 1999թ. պառլամենտական ընտրություններից հետո առճակատում էր առաջացել ՀՀ նախագահի ու ԱԺ մեծամասնության միջեւ, որը տեւել է մինչեւ գարուն, երբ հարաբերությունները պարզվեցին: Կիսանախագահական համակարգը այն ընթացքը չի ունեցել, ինչ դուք ուզեցիք լինի. մեր սահմանադրությունը կոնֆլիկտոգեն չէ: Սահմանադրությունները գրվում են՝ կանխելու հնարավոր առճակատումները: Պարոն Զուրաբյան, քսան Սահմանադրություն ուսումնասիրելը դեռ բավարար չէ. պետք է կոմպլեքս ուսումնասիրել սահմանադրական իրավունքը»»,-նշեց Վարդան Պողոսյանը՝ շարունակելով.

«Երբ որ վարչապետի պաշտոնը թափուր է մնում, ՀՀ նախագահը խորհրդակցում է խմբակցությունների հետ և առաջադրում է որևէ թեկնածուի, որը պետք է մեծամասնության վստահությունը վայելի: Ինչ վերաբերում է վերջին հարցին, բացի Գերմանիայից կան երկրներ, որտեղ պետության գլուխը չի հանդիսանում Գլխավոր գերագույն հրամանատար: Օրինակ Իսրայելում նախագահը որևէ առնչություն չունի այդ բնագավառի հետ, ԶՈՒ բոլոր հարցերը Կառավարության ենթակայության ներքո են գտնվում»:

«Էս ազգը ձեզ համար ի՞նչ է, փորձադա՞շտ »,-նետեց Լևոն Զուրաբյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին