▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետդումայում Պուտինին կոչ են արել խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները

ՌԴ պետդումայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են անում խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչի խոցումից հետո:

«Իզվեստիա» թերթի փոխանցմամբ` նման առաջարկով երկրի նախագահին են դիմել ՌԴ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը:

Դիմումի կրկնօրինակն ուղարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Ավելի վաղ Ռաշկինն ու Օբուխովն արդեն նախագահին առաջարկել էին ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով խզել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ:

«Թուրքիայի ագրեսիան հերթական անգամ հաստատում է Թուրքիայի Հանրապետության անսահման աջակցությունը միջազգային ահաբեկչությանը, մասնավորապես՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը»,-ասված է Պուտինին ուղղված նամակում, որով նախագահին խնդրում են Թուրքիայից հետ կանչել ՌԴ դեսպանին՝ մինչև իրավիճակի պարզաբանումը, իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու բարձրացնել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ ահաբեկչությանն աջակցելու համար։

 Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: Ինքնանետված օդաչուների ճակատագիրն անհայտ է։

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին