▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակահայ զեկույցի հեղինակը Թուրքիայի քաղաքացի է, կինը՝ Ադրբեջանի

Հունվարի 25-ին կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, իսկ 26-ին կքննարկվեն 2 խիստ հակահայ բանաձևերի նախագծեր: Մեկը «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցն է, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին, մյուսը՝ «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձևի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը 2 բանաձևերն էլ աննախադեպ է համարում:

«Դրանցում առկա ձևակերպումներն ու տերմինաբանությունները հակասում են ՀՀ-ի և ԼՂ-ի խնդրի կարգավորման մոտեցումներին ու խեղաթյուրում են միջազգային հանրության տեսակետը՝ Արցախի հարցի վերաբերյալ: Բանաձևերը ներառում են ԵԽԽՎ կանոնադրության հիմնական սկզբունքների խախտումները: Այն է՝ 1.1.3 կետի խախտումը, որը նախատեսում է համակողմանի ուսումնասիրություն և զեկուցողների պարտադիր այցելություն բոլոր շահագրգիռ կողմերի տարածք: ՀՀ իշխանությունը Ուոլթերին 4 անգամ հրավիրել է տարածաշրջան, նա խուսափել է գալ, փոխարենը 2 անգամ այցելել է Ադրբեջան ու հանդիպել այդ երկրի ղեկավարության հետը: Նույնը նաև Միլիցա Մարկովիչի դեպքում: Նա ամեն պատճառ գտավ, որպեսզի չգա Հայաստան: Իրենք օգտվել են Google-ի քարտեզներից ու տվյալներից: Այսինքն, այս կետի խախտումով ԵԽԽՎ-ն միակողմանի մոտեցում է թույլ տալիս: Զեկույցներից մեկի հեղինակ Ուոլթերը, ով ստացել է Թուրքիայի քաղաքացիություն, իսկ նրա կինը Ադրբեջանի քաղաքացի է, չի այցելել տարածաշրջան և զեկույցում գրել է, թե Արցախից ադրբեջանցիներ են տեղահանվել, բայց նույնիսկ մեկ բառ նշված չէ, որ 90-ական թթ.մոտ 450.000 հայ է հենց այդ տարածքից տեղահանվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը:

Իսկ, թե ինչպե՞ս են պայքարելու, ի՞նչ ռազմավարություն  են մշակել հարցերին Վահան Բաբայանը չշտապեց փակագծերը բացել, պարզապես նշեց, որ հայկական պատվիրակությունը բոլոր ջանքերը գործադրել է, որ հաջողություն գրանցենք.

«Կարևորում եմ նաև համացանցում մեկնարկած ստորագրության դերը: Այդ տեքստը պետք է տարածում ստանա ամբողջ աշխարհում ու փորձենք կանխել անարդարությունը: Այս զեկույցները խախտելու են Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում վարվող խաղաղ բանակցային գործընթացը: «Օկուպացված տարածքներ»  բառակապակցությունը երբևէ չի օգտագործվել այս խմբի ձևաչափում»,-նկատեց  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին