▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը Սիրիան ռազմադաշտի է վերածել

«Սիրիական հակամարտությունը նորագույն պատմության մեջ միակն է, որ ամենաշատն է փոխում իր զարգացման փուլերը: Խաղաղ կարգավորման գործընթացը, որը ստացել է «Ժնև-3» պայմանական անվանումը, սկսվեց հունվարի 29-ին, մեկ շաբաթ էլ չտևեց և հետաձգեցին մինչև փետրվարի 25-ը: Այն անգամ բանակցությունների չվերածվեց: Որպես պատճառ նշում են այն, որ հակամարտ կողմերի միջև լուրջ տարաձայնություններ են առկա: Սա, իհարկե, մակերեսային պատճառաբանություն է, գործընթացն իրականում շատ ավելի խորն է: Ըստ իս՝ հիմնական պատճառը սիրիական ռազմադաշտում տեղի ունեցող գործընթացներն են: Հատկապես Սիրիայի հյուսիսը համարվում է Թուրքիայի ազդեցության գոտի, իսկ հարավային շրջանները Սաուդյան Արաբիայի ազդեցության ներքո են և իրականում ընդդիմության ձախողման պատճառը ոչ թե հակամարտ պատվիրակությունների միջև խնդիրներն էին, այլև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ճնշումները: Մենք տեսնում ենք, որ ռուսական գործողությունների հետևանքով հանգուցային իրավիճակ է ստեղծվել: Վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ կտրվել է կապը Հալեպի և Թուրքիայի սահմանի միջև, ինչը շատ կարևոր է, և, եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա Հալեպի ազատագրումը շատ մոտ է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում Ռուսաստանի գործողություններին, արաբագետը նշեց.

«Ռուսաստանը Սիրիան ռազմադաշտի է վերածել՝ Թուրքիայի հետ հակամարտության համատեքստում: Ռուսական ուժերն օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները՝ Թուրքիայի դիրքերը թուլացնելու համար: Այս իրավիճակից կարող է օգտվել Հայաստանը: Օրինակ՝ կարող է Ռուսաստանից որակյալ և մեծ ծավալով սպառազինություն ստանալ: Կա նաև տնտեսական գործոնը, չպետք է մոռանանք տուրիզմը»:

Հիշեցնենք, որ «Ժնև-3»-ը մեկնարկել է հունվարի 29-ին։ Բանակցություններին մասնակցում էին Սիրիայի իշխանությունն ու ընդդիմադիր ուժերը։ Սիրիայի քրդերին չէն հրավիրել բանակցություններին, ուստի նրանք հայտարարել էին, որ չեն ընդունելու արդյունքները։ Ավելի վաղ Սիրիայի հարցով բանակցություններին դեմ էին արտահայտվել Թուրքիան ու Ֆրանսիան։ Իսկ Ռուսաստանը կողմ էր այդ մասնակցությանը։ Նախորդ բանակցությունները` «Ժնև-2»-ը, անցկացվել է 2014 թվականի հունվարին։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին