Լյուդմիլա Սարգսյանը, որ խորհրդարանի ներկա կազմում մանդատ է ստացել «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակով, կարծես, կրկին դեգերումների մեջ է:
Այսօր լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ցուցակով մասնակցելու հավանականությանը՝ հաշվի առնելով, որ նախօրեին նա Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ էր դնում ԲՀԿ ներկայացուցիչների հետ՝ ասել է. «Ոչինչ բացառել չի կարելի: Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ամեն ինչ մեկ ամսում կարող է փոխվել, կարող են նոր միություններ ձեւավորվել: Կան միայն մարդկային ու քաղաքական հարաբերությւոններ, համագործակցություն որոշակի հարցերի շուրջ՝ այդ թվում ՀԱԿ-ի հետ»:
Հիշեցնենք, որ հենց ՀԱԿ-ի շնորհիվ է մեծ քաղաքականություն և ԱԺ մտել ու քիչ թե շատ հայտնի դարձել Լյուդմիլա Սարգսյանը, որի ղեկավարած կուսակցության՝ ՎՍԴՀԿ-ի անդամների թվի մասին նույնիսկ տիկին Լյուդմիլան դժվար պատկերացում ունենա:
ՎՍԴՀԿ-ի «Վ»-ն , ի դեպ, «Վերակազմյալ»-ն է...Իսկ ՍԴՀԿ-ից՝ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունից միայն անունը մնաց ու դեպի պատմության խորքը տանող հիշողություն, որը Լյուդմիլա Սարգսյանին վստահողը , թերևս, համոզված էր, որ նա լավագույնս է ջնջելու այդ պատմությունը, հիշողությունն ու կուսակցությունը...
Կուսակցություն կառավարելն,ի վերջո, տոլմա եփել չի, ոչ էլ թան սարքել ու ոչ էլ բամբասել...
Ի դեպ , ըստ ասեկոսեների, սահմանադրական փոփոխությունների քվեարկությունից առաջ հանրապետականներն, աջակցության առաջարկներով, մեծ աշխատանք էին տարել Լյուդմիլա Սարգսյանին ՀԱԿ խմբակցությունից «տանելու» ուղղությամբ՝ փորձելով դրանով պառակտել Կոնգրեսը:
Նույն ՝ մեկ տարի առաջ Լյուդմիլա Սարգսյանը որպես արմատական ընդդիմադիր տեսնում էր միայն ՀԱԿ-ին ու հավելում էր, ԲՀԿ-ն նույնպես ընդդիմություն է, և ոչ ոք չգիտե, թե վաղը ԲՀԿ-ն ինչ դիրքերից հանդես կգա:
Այո, ոչինչ բացառել հնարավոր չէ ու ոչ ոք չգիտի, թե Լյուդմիլա Սարգսյանը ինչու է սիրառատ դարձել ԲՀԿ-ի նկատմամբ... Գուցե հիմա այնտե՞ղ գործ ունի նա...
Իսկ ներսից գործելու համար , այո, տիկին Լյուդմիլան պետք է մտնի ցուցակ...ցպահանջ...
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան