▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցավոր խմբի թիրախում եղել են ՀՀ Առաջին, երկրորդ և գործող նախագահները.Նոր մանրամասներ

ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԱԱԾ կողմից բացահայտված, Արթուր Վարդանյանի կողմից կազմակերպված հանցավոր համագործակցություն ստեղծելու գործով նախաքննության ընթացքի մասին:

ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալը նախ ներկայացեց խմբակային լուսանկար, որը կատարվել է 2015 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում, ոտեղ գտնվում է Արթուր Վարդանյանի հայրական տունը.

«Նախաքաննության ընթացքում մեզ հաջողվել է պարզել, թե ովքեր են դիմակավորված լուսանկարված անձինք: Պարզվել են նաև զենքերի ձեռքբերման աղբյուրները, վճարված գումարի չափը, գյուղում հավաքվելու նպատակը:  Նրանք այնտեղ մարզվել են, սովորել են զենք գործադրել, ուսումնասիրել են մարտական սպորտաձևեր: Մարզումներից հետո տեղափոխվել են Երևան և օգտագործել են Արթուր Վարդանյանի աներոջ տունը, որը գտնվում է Արցախի փողոցում: Նշեմ, որ խմբի առանցքային դերակատարություն ունեցողներն ունեցել են գաղտնի հեռախոսներ և հեռախոսահամարներ ու միմյանց հետ կապ են հաստատել: Օպերատիվ գործողության արդյունքում հայտնաբերվել և գաղտնալսվել են:  Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է նաև Երևանի քարտեզը, որի վրա նշագրում է կատարվել՝ զինված հարձակում իրականացնելու համար: Հայտնաբերվել է նաև նոթատետր, որտեղ խմբի անդամների անուններն են նշված ու թիրախները: Նշված է եղել Բաղրամյան 26-ը, որը վերաբերում է ՀՀ Նախագահի նստավայրին, ապա ԱԺ-ն, Սահմանադրական դատարանը, ՀՀ Կառավարությունը և «Էյֆել»-ը, որը Հ1-ն է: Յուրաքանչյուրն ունեցել է համապատասխան հանդերձանք, զենք և ռազմամթերք»,-մանրամասնեց Միքայել Համբարձումյանը:

ԱԱԾ քննչական վարչության պետի փոխանցմամբ ձեռք են բերել բազմաթիվ տեսագրություններ, ձեռագիր գծագրեր.

«Համակարգիչների զննությամբ պարզվել է, որ խմբի անդամները տեղեկություններ են հավաքել քաղաքական դաշտում գտնվող 147 անձնանց վերաբերյալ, այդ թվում՝ ԱԺ բոլոր պատգամավորների՝ ընդդիմադիր, թե իշխանական: Դրանք եղել են կենսագրական, ընտանիքի անդմաների  տվյալներ: Google-ով առանձնացրել են կոնկրետ անձի բնակության վայրի տեղակայման հասցեն: Տեղեկություններ են հավաքել նաև Նախախորհրդարանի անդամների վերաբերյալ: Տեսագրել  են նաև ՀՀ Առաջին նախագահի առանձնատունը, դրա մատույցները: Իրականացրել են ՀՀ  երկրորդ նախագահի գործունեության վայրի մասին ուսումնասիրություններ: Գծագրել են գրասենյակի գտնվելու վայրը, այն, թե որտեղ են անվտանգության աշխատակիցները, տեսախցիկները: Խումբը փորձել է վերահսկել ՀՀ գործող նախագահի թիկնազորի հետ կապված աշխատանքի կազմակերպման հանգամանքները:  Փորձել են տեղեկանալ, թե այդ աշխատանքներն ինչպես են կատարվում և, ահա այդ նպատակով Արթուր Վարդանյանն ու խմբի  ևս 3 անդամ ներկա են եղել սեպտեմբերի 24-ին Գյումրիում Հայ կաթողիկե եկեղեցու բացմանը և գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման, այնտեղ գտնվելու պահերը: Արթուր Վարդանյանն այդ ժամանակ կրել է եկեղեցական երգչախմբի մասնակցի հագուստ»:

Նախաքննական մարմնին հաջողվել է նաև մի տեսագրություն ձեռք բերել, որտեղ ձայնագրված է Արթուր Վարդանյանը, ով զինված «հեղաշրջումից» հետո ուղերձով դիմում է բնակչությանն ու ներկայացնում կատարվածը՝ տալով մեկնաբանություն: Սա եթեր էր հեռարձակվելու Հ1-ով.

«Ուղերձի սկզբում հայտարարում է, որ զենք գործադրելով իրականացրեցին իրենց մտադրությունը՝ խմբի ու ազատամարտիկների հետ միասին: Կա նաև 2015 թվականի նոյեմբերին թվագրված անգլերեն նամակ, որը նախատեսվել էր գործողությունը կատարելուն պես ուղարկել ՀՀ տարածքում գործող բոլոր դեսպանատներին, որով նամակի հեղինակները նրանց հրավիրում են  «Արմենիա» հյուրանոցում նախատեսված ժողովին մասնակցելու և այդ ժամանակ պատրաստվում էին դեսպանատան ներկայացուցիչներն ներկայացնել, թե ինչ է կատարվում երկրում, իրենք ինչ նպատակներ են հետապնդում ու ինչ ծրագրեր ունեն»,-նշեց  քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:

 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին