Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մասին տեղեկությունների առնչությամբ: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախագահ Պուտինը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն դրսևորել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են: