«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ երկրի ներսում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան.
«Օլիգարխների, չինովնիկների պատճառով է, որ այսքան զոհ ունեցանք: Նրանք մսխեցին պետական ռեսուրսը: Խթանեցին արտագաղթը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով.
««Ժառանգություն»-ը դեմ է սահմանին խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Չկա ավելի լավ խաղաղապահ, քան հայ զինվորը։ Պատմությունը ցույց է տվել, որ բոլոր այն դեպքերում, երբ խաղաղապահներ են մտել տարածք, մենք ունեցել ենք տարածքային կորուստներ: Անհրաժեշտ է ազգային համաձայնության կուսակցություն ստեղծել, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:
Շարունակելով վերջինին՝ Զարուհի Փոստանջյանը նկատեց.
«Այս կորուստները բոլորիս ցավն են: Մենք որպես ՀՀ քաղաքացիներ, պետք է համապետական սգո օր հայտարարենք, որից հետո հստակ ներկայացնենք մեր քաղաքական օրակարգը: Տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները չունենալով պատերազմ գնալու օրակարգ, մասնակցեցին դրան՝ ինքնակազմակերպման շնորհիվ»:
Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, ապա այս առումով, տիկին Փոստանջյանի խոսքով, կրկին պաշտպանողական դիրքորոշում ենք որդեգրել, ոչ թե հարձակողական:
«Արցախը պետք է բանակցային լիիրավ կողմ ներգրավվի: Չպետք է երկչոտի նման հայտարարել, թե մենք կարող է ճանաչենք ԼՂՀ-ն, եթե լինեն լայնածավալ պատերազմական գործողություններ»:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք, Զարուհի Փոստանջյանի կարիքով, ճգնաժամային են:
Բանախոսներն անդրադարձան նաև Հովիկ Աբրահամյանի՝ Մոսկվա կատարած այցին: Արմեն Մարտիրոսյանն այն այսպես անվանեց.«Անողնաշարության գագաթնակետ»:
Անի Կարապետյան