«Գործում է կազմակերպված հանցախումբ, որի նպատակը ԵԿՄ-ին և նրա առաջնորդ գեներալ Մանվել Գրիգորյանին վարկաբեկելն է: Այդ հանցախումբը սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանը՝ հավելելով.
«Երկրապահը ապրիլի 2-ից հետո 20 ժամում մոբիլիզացվել է ու կանգնել է առաջնագծում՝ հայ դիրքապահի կողքին: Զորավարի կոչն անուրանալի ավանդ ունեցավ»:
Անդրադառնալով Արցախի ռազմական և քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությանը՝ կապված Հադրութում տեղի ունեցած միջադեպի հետ, ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատուն նշեց.
«Մարդը տեսախցիկների առջև խոսում է, իսկ երբ փաստերով նեղում են, ասում է, դե ես ներկա չեմ եղել, բայց ընկերներս պատմել են, որ նման բան եղել է: Մենք զինվորների հարյուրավոր տեսագրություններ ունենք, ովքեր ակնածանքով են խոսում գեներալի, երկրապահի մասին: Նրանք ասում են, որ եթե երկրապահն էլ չլիներ, քառօրյա պատեազմը հնարավոր չէր լինի դադարեցնել: Առավել մտահոգիչն այն է, որ Արցախի վարչապետի մամլո խոսնակը, ով պատասխանատու մարդ է, ընկնում է սրանց խելքին՝ աելով, թե տեղյակ չեմ ինչ է եղել, բայց դատապարտում եմ: Հա, հլը Վահանը, Սուրենը կարող են խոսել առանց փաստարկի, ինչ-որ խնդիրներ ունեն լուծելու, իսկ դու, որ տեղյակ չես, ո՞նց ես դատապարտում, ա՛յ տղա»:
Ինչ վերաբերում է Վահան Բադասյանի հայտարարությանը, թե Հադրութից հեռացրել են Մանվել Գրիգորյանին, Վարդան Վարդանյանը պատասխանեց.
«Ուրեմն, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանը միշտ այնտեղ է, որտեղ ինքը ճիշտ է համարում, որտեղ պահանջում է հայ ազգի շահը: Աշխարհում չկա մարդ, որ որոշի՝ գեներալը որտեղ լինի: Հադրութի ժողովուրդը 1989-94թթ. տեսել է, որ եթե այդտեղ կանգնած է Մանվել Գրիգորյանը, ուրեմն անվտանգ է»:
Անի Կարապետյան