▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մտավորականները դատապարտում են ոստիկանապետի խորհրդականի պահվածքը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի պրն. Գասպարյան

Մենք՝ մտավորականներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Ձեր խորհրդական Նարեկ Մալյանի ձեռնարկած արշավին՝ 20 տարի բանտում գտնվող Մհեր Ենոքյանի ու արդար դատաքննություն պահանջող քաղաքացիների նկատմամբ։

Ենոքյանը, ինչպես և ցանկացած դատապարտյալ, իրավունք ունի վիճարկելու իր դատավճիռը, ինչը նա անում է համառորեն: Սակայն նրա ու նրա քրեական գործին քաջատեղյակ մասնագետների, քաղաքացիների՝ արդար դատաքննության պահանջը հանդիպում է լուրջ դիմադրության պետական համակարգի, տվյալ դեպքում ոստիկանության պաշտոնյայի կողմից:

Մենք դատապարտում ենք 20 տարվա վաղեմության գործով ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պահվածքը սոցիալական ցանցերում՝ բանավեճի թույլատրելի բոլոր նորմերը անցնող գրառումների տեսքով՝ ուղղված թե՛ Ենոքյանի, թե՛ արդար դատ պահանջող, կամ, թե Ենոքյանին սատարող քաղաքացիների հասցեին:

Ձեր խորհրդականն է՛լ ավելի ագրեսիվ դարձավ, երբ նրա դեմ Ելենա Օվսյաննիկովայի զրպարտության գործով ներկայացված հայցին ավելացավ ևս մեկը՝ Մհեր Ենոքյանինը: Այսպիսով, Ձեր խորհրդականի դեմ երկու հայց կա զրպարտության գործով, ինչը ամենևին չի կարող պատիվ բերել ՀՀ ոստիկանությանը:

Դատական հայցից հետո Մալյանի ցեխարձակումները և սադրանքները խախտում են բարոյականության բոլոր սահմանները։ Չկարողանալով տանել, որ հասարակության մի գիտակից հատված ողջունում է ցմահ դատապարտված, սակայն աշխատող, հեռակա բարձրագույն կրթություն ստացող, ստեղծագործող, իր գործի վերաբացման համար պայքարող բանտարկյալին, Մալյանը փորձեց շեղել հասարակության ուշադրությունը զրպարտությունից դեպի քրեական դաշտ: Մինչդեռ հարցը ամենևին քրական հարթության մեջ չէ: Մալյանը զրպարտել է՝ ասելով, թե տուժող Իոսիֆ Աղաջանովի դին կտրատված է, մասնատված: Մեզանից ոմանք ծանոթ են քրեական գործի նյութերին, հետևաբար տեղյակ են, որ մասնատման մասին լուրերը հերյուրանք են: Նույնիսկ, ըստ ոստիկանության արխիվից հանված ու մոնտաժված տեսանյութի, նաև ըստ դատավճռի, հաստատված է՝ դին անարգված չէ:

Ձեր խորհրդականի վարքագիծն անթույլատրելի է, քանի որ տպավորություն է, թե նա զբաղված է դիակի «աճուրդով», «առևտրով», շահարկում է տուժողի մարմինը իր նպատակների համար, մինչդեռ անընդհատ խոսում է տուժողի հարազատների զգացմունքներից:

Մենք կիսում ենք Իոսիֆ Աղաջանովի հարազատների անդառնալի կորստի ցավը: Ցանկացած բռնություն, ցանկացած հանցանք պետք է անպատիժ չմնա, սակայն ցանկացած քաղաքացի ունի արդար դատաքննության իրավունք: Այն, որ այս գործում, մեղմ ասած, խախտումները թիվ ու համրանք չունեն, վկայում են գործին քաջածանոթ իրավաբանները: Այն, որ ոստիկանությունն ու դատաիրավական համակարգը համառորեն չեն գնում այս և այլ կասկածելի քրեական գործերի վերաբացման ճանապարհով, է՛լ ավելի է խորացնում մեր կասկածները, որ այդ գործերով կատարվել են անարդարություններ:

Ի վերջո, մենք պետք է լինենք հասարակություն, որտեղ արդար դատաքննությունը կլինի իրագործելի իրավունք՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք շարունակում ենք պահանջել գործի վերաբացում և արդար դատաքննություն ոչ միայն այս, այլև ցանկացած ուրիշ գործով, որտեղ կա թեկուզ մեկ չփարատված կասկած:

Գրեթե ամեն օր կարդում ենք արդարադատության ուշացած հաղթանակների մասին, որոնք տեղի են ունենում զարգացած արտերկրում: Պարզվում է՝ զարգացած երկրների դատարաններում սխալվում են, իսկ 25 տարեկան դատարան ունեցող Հայաստանում մի՞թե դատավորները երբեք չեն սխալվել:

Անցած 20-25 տարիների ընթացքում, ցավոք, բազմաթիվ հանցագործություններ են տեղի ունեցել մեր հանրապետությունում, որոնք մնացել են չբացահայտված։ Մարտի 1-ի տասը սպանություններ կատարողներն 8 տարի անց էլ մնացել են անպատիժ: Զինվորական հանցագործությունների հետևանքով բանակում սպանված զինվորների սևազգեստ մայրերը կառավարության ու նախագահական նստավայրի դիմաց ակցիաներ են կազմակերպում, սակայն մնում չլսված: Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ իշխանական կապեր ու գումար չունեցողին չկարողանան մեկ ցուցմունքով մեկուսացնել հասարակությունից: Մյուս կողմից՝ մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները, երբ կա հարյուր ապացույց, որ հանցանք են գործել:

Ելնելով վերը շարադրվածից՝ խնդրում ենք հորդորել Ձեր վերոնշյալ խորհրդականին չվատաբանել արդար դատ պահանջող քաղաքացիներին, իր գործի վերաբացման համար պայքարող դատապարտյալին և զբաղվել օգտակար գործերով՝ ուղղված ոստիկանության դերի բարձրացմանը։

Հարգանքով՝

Ջուլիետա Ամիրխանյան՝ «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախագահ

Հակոբ Ասատրյան՝ «Օրեր» համաեվրոպական ամսագրի խմբագիր

Վիգեն Ավետիս՝ քանդակագործ (Իտալիա)

Արծվի Բախչինյան՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու

Հենրիկ Բախչինյան՝  բանասիրական գիտությունների դոկտոր

Լևոն Բլբուլյան՝ բանաստեղծ, թարգմանիչ

Գագիկ Գինոսյան՝ ազգային պարարվեստի գործիչ, ՀՀ մշակույթի վաստ. գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար


Աշոտ Գրիգորյան՝տնտեսագիտության թեկնածու

Վանուհի Թովմասյան՝ գրականագետ

Ավետիք Իշխանյան՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

Վահան Իշխանյան՝ գրող, լրագրող, «Ինքնագիր» գրական հանդեսի հիմնադիր

Հրանուշ Խառատյան՝ ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու

Տիգրան Խզմալյան՝ կինոռեժիսոր

Բակուր Կարապետյան՝ հրապարակախոս, արձակագիր

Սարգիս Հացպանեան՝տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան

Սիրվարդ Մամիկոնյան՝Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն

Վահրամ Մարտիրոսյան՝ գրող, հրապարակախոս

Զարուհի Մուրադյան՝ ՀՀ նկարիչների միության անդամ, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր

Հասմիկ Պապյան՝ ՀՀ ժողովրդական արտիստ

Կարինե Ջանջուղազյան՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի

Ռոբերտ Ռևազյան՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան

Վահագն Սարգսյան՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Կարեն Սիմոնյան՝ գրող (Ֆրանսիա)

Լուսանկարում՝ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին