Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում շատ կարևոր քայլ է արել հարաբերությունների բարելավման համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրոք Թուրքիայի նախագահը նամակ է ուղարկել: Արվել է կարևոր քայլ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դուք գիտեք, որ ռուսական կողմը և նախագահ Պուտինը հետևողական դիրքորոշում էին պահպանում: Նախագահ Պուտինը բազմիցս խոսել է Թուրքիայի ու թուրք ժողովրդի հետ բարի հարաբերություններ պահպանելու ցանկության, այդ բարի հարաբերություններին այլընտրանք չլինելու, նաեւ այն անհրաժեշտ պայմանների մասին, որոնք պետք է ստեղծվեն դրանց կարգավորման համար»:
Պեսկովի խոսքով՝ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված նամակի բովանդակությունն ամբողջովին համապատասխանում է թուրքերենին:
«Նամակում կան և՛ բառեր, որոնք կապված են ափսոսանք հայտնելու հետ, և՛ կա «ներողություն» բառը: Կա թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այնտեղ չկան լեզվաբանական նրբությունները, ես իսկապես մասնագետ եմ, ես իսկապես թուրքագետ եմ: Եվս մեկ անգամ կարդացե՛ք տեքստը: Այն 100 տոկոսով համապատասխանում է թուրքերենին»:
Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ խնդիրը չի հաջողվի լուծել մի քանի օրում: