▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ի տղաներին հատուկ խնամք է հարկավոր.Վահան Բադասյան

««Սասնա ծռեր»-ը ազգային կեղծ գաղափարները դուրս շպրտելու, ինքնամաքրման խորհրդանիշ են լինելու: Նրանց բարձրացրած հարցերի հետ համաձայն է մեր ազգաբնակչությունն ու աշխարհում սփռված հայությունը»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական և քաղաքական գործիչ, Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը` շարունակելով.

««Սասնա ծռեր»-ի քայլը շատ ծայրահեղ էր, բայց դրան դիմել են ոչ անձնական դրդապատճառներով. հողերը հանձնում են, որը բերում է պետականության կործանման, կեղծվեցին սահմանադրական հանրաքվեի արդյունքները, չկա արդարությունը, միայն լոլոներ են կարդում:Մարդուն 9 տարվա ազատազրկման են ենթարկում` օդամղիչ ատրճանակով կրակելու համար: Օրենքը դա՞ Է նախատեսում, իհարկե ոչ: Առաջնորդվում են ոչ թե օրենքով այլ` ատելության չափով: Կամ, ինչու՞ են ազատազրկման ենթարկել Գևորգ Սաֆարյանին: Օրինակ`Լիսկայի լակոտը աչք հանելու համար պետք է անպայման խրախուսվեր ու պաշտո՞ն ստանար, կամ հայրը մարդ սպաներ ու մարզպե՞տ նշանակվեր: Եթե սա է օրենքի և սահմանադրության պայմանը, ապա դուք` պարոնայք իշխանավորներ, հանդիսանում եք որպես այս ազգի ահաբեկիչները ու ձեր նկատմամբ պետք է հակաահաբեկչական գործողություներ կատարվեն, ինչը արեցին «Սասնա ծռեր»-ի տղաները: Տղաների մեծ մասը մեծ վաստակ ունի Արցախի ազատագրման գործում: Արևմուտքն ու Ռուսաստանը նրանց ապստամբներ են կոչում, բայց չգիտես ինչու` ՀՀ նախագահը ահաբեկիչ է անվանում` վարկաբեկելով երկիրը, իրեն, իշխանությանը: Նայե'ք, նրանց անցած ուղին, այնտեղ կա՞ հանցագործի կերպար, իհարկե` ոչ: Նրանց մեջ անձնուրաց զինվորականի կերպարն է և այդ քայլը բնորոշ է հայրենասերին: Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն ուժեղ նախագահ դառնալու հնարավորություն ուներ: Նա կարող էր կառավարությունը ցրել ու նորը ձևավորել, ժողովրդից էլ ներողություն խնդրել: Բայց, ոչ, պետք է ապստամբներին անպայման խոշտանգի, որպեսզի շարունակի տարածքներ հանձնել: Ցավոք, սխալվում է, այսօր 1000-ավոր սասնա ծռեր կան: Անձամբ ես Սասնա ծուռ եմ թող գա և ձերբակալի: Ես պայքարելու եմ, որպեսզի որևէ թիզ հող չհանձնեն: Ինքն էլ` ինչքան շուտ հրաժարական տա այնքան լավ, իսկ այսպես շարունակելով կանգնելու է Հաագայի դատարանի առջև»:

Անդրադառնալով միջնորդի դերում հանդես եկող Վիտալի Բալասանյանին, պարոն Բադասյանը նշեց.

«Իրեն որպես միջնորդ ընտրելը ճիշտ էր, սակայն Բալասանյանը ճակատագրական սխալ թույլ տվեց: Շփվելով Սերժ Սարգսյանի և շրջապատի հետ, ցավոք, մի քանի քաղաքական հայտարարություններ արեց ու հեղինակազրկվեց ժողովրդի աչքում: Առաջին` ասաց, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան:Սա արդեն շատ վատ էր, մինչ այդ այդպես չէր խոսում: Երկրորդ` հայտնեց, որ խմբի տղաները կտտանքների չեն ենթարկի, բայց տեսնում եմ, որ իր խոստումը չի կարողանում կատարել: Ըստ երևույթին իրեն էլ են խաբել: Այս պահին խոշտանգումների են ենթարկվում բոլորը: Ես ինքս վիրավորվել եմ և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում գնդացրով հարված ստանալն ու հիվանդանոցում պառկելը: Տղաներին հատուկ խնամք է հարկավոր: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում առանց համապատասխան պայմանների են պահում նրանց: Մենք երբ ադրբեջանցի գերի էինք ունենում, նրան բուժում էինք հիվանդանոցային լավագույն պայմաններում: Զինվորը զինվորին պետք է հարգի, այլապես դու դատապարտված ես: Հույս ունեմ,որ Վիտալին, եթե տան հնարավորություն, կկատարի իր խոստումը, ինքը խղճով մարդ է»:

Հեղինակ՝ Անի Կարապետյան

Ստեփանակերտ, Արցախ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին