Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը հայտնել են, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը դրական ազդեցություն է թողել հայկական տնտեսության վրա:
«Շատ հաճելի է նշել, եւ ես ուզում եմ շնորհավորել ձեզ այդ առթիվ: Ես նայել եմ անցած տարվա տվյալները, որոնց համաձայն՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով: Սա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է, հուսով եմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի»,- մասնավորապես, ասել է Պուտինը:
Պուտինը նաեւ նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հետեւողականորեն կառուցում են դաշնակցային հարաբերություններ, համագործակցում են ինչպես միջազգային, այնպես էլ ԱՊՀ հարթակներում:
Իր հերթին, ըստ РИА-ի, Սարգսյանն ասել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի եւ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը դեպի ՌԴ ավելացել է գրեթե 90 տոկոսով:
Սարգսյանը նշել է, որ այս ամեն ինչը տեղի է ունեցել նաեւ ԵԱՏՄ-ի ընձեռնած հնարավորությունների շնորհիվ:
Ըստ Սարգսյանի՝ ՀՀ-ն եւ ՌԴ-ն չունեն որեւէ լուրջ խնդիր, իսկ բոլոր հարցերը օպերատիվ լուծվում են: