Գերմանական Spiegel պարբերականն այսօր իր ինտերնատային տարբերակում նշում է, որ Գերմանիայի ղեկավարությունը, տեղիք տալով Էրդողանի ճնշումներին, կառավարության խոսնակ Ստեֆֆեն Սեյբերթի միջոցով պատրաստվում է հայտարարություն տարածել` ըստ որի Գերմանիայի կառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի` Ցեղասպանությունն ընդունած և դատապարտած որոշումից: Հիշեցնենք, որ Բունդեսթագի որոշումից հետո Էրդողանն արգելել էր գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա, որտեղ ներկայումս տեղակայված է գերմանական օդուժը:
Հարկ է նշել, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը մեծ ոգևորությամբ էր ընդունվել Եվրոպայի հայ համայքների կողմից, սակայն գերմանական պարբերականի տեղեկության հաստատման դեպքում բողոքի նոր ալիքն անխուսափելի է:
«Եթե Spiegel-ի տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա սա արդեն առնվազն քաղաքական պոռնկություն է: Գերմանիան, որը միշտ նշում է, որ ահաբեկիչների հետ չեն բանակցում, ներկայումս ոչ միայն բանակցում է, այլև` կատարում է նրանց կողմից թելադրվող պայմանները»,-այս առիթով նման կարծիք է արտահայտել Յուրիկ Գլուլբեկյանը:
Նա մասնավորապես գրել է հետևյալը.
«Ահա «քաղաքակիրթ, ազատատենչ ու ժողովրդավար» արևմուտքը: Չնայած ոչինչ չկա զարմանալու, սա առաջին անգամը չէ, որ Գերմանիան կամ նրա դաշնակից արևմուտքը բացեիբաց թքում է մեր երեսին: Սա արդեն դաս պիտի լինի մեր արևմտամետների համար: Պարոնայք, սթափվեք, քանի որ այդ թուքը ձեր երեսին են թքում: Դուք եք նրանց կամակատարներն ու ժողովրդին մոլորեցնողները Հայաստանում: Դուք եք սնվում նրանց ողորմություններից: Հերիք է մոլորվեք և ձեզ հետ անդունդ տանեք մեր ազգի խաբված հատվածին:
Առավոտից երեկո քծնելով արևմուտքին` մեկդ մյուսին հերթ չեք տալիս քարկոծելու և որպես մեր ազգի դավաճան ներկայացնելու Ռուսաստանին: Երևի, այն աստիճան չեք կուրացել, որ չտեսնեիք, թե հանձինս Ռուսաստանի և նրա ղեկավար Պուտինի` ահաբեկիչ Էրդողանի ճնշումներն ինչ պատասխան են ստանում և ինչպես է նա ծնկի գալիս:
Այն, որ մեր ազգի բոլոր ժամանակների միակ բարեկամը Ռուսաստանն է եղել ու կա` պետք չէ նույնիսկ քննարկել: Ինչքան էլ արևմուտքին ու իր դրածո «հայրենասերները» փորձեն արհեստականորեն ջուր պղտորել ու այդ ջրում ձուկ որսալ, մեկ է մեր ազգն իմաստուն է ու տարբերում է թացը չորից:
Առանց արևմուտքի լուռ համաձայնության և գերմանացիների անմիջական մասնակցության հաստատ թուրքերը չէին կարող իրականացնել հրեշավոր Եղեռնը: Այն, որ հիմա Գերմանիայի ղեկավարությունը խոնարհվում է Էրդողանի առաջ, պետք է զգուշացնող ազդամնշան լինի մեզ համար»: