Ըստ ասեկոսեների, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշանակվելու է Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար:
Նախատեսվում էր, որ այդ մասին կհայտարարվեր հոկտեմբերի 14-ին. Երեւանում ծրագրված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որն անցնելու է նախագահների մակարդակով. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչ է լինելու:
Սակայն ՀՀ նոր կառավարության ձևավորումը հնարավոր է արագացնի Հայաստանի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի անվան բացահայտումը, իսկ հոկտեմբերի 14-ին այն կհաստատվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ նախագահների մակարդակով:
Ի դեպ, նշենք, որ Սեյրան Օհանյանը վերջին ամիսներին, հատկապես ապրիլյան պատերազմի օրերից ու դրանից հետո, ջերմացրել է իր հարաբերությունները Մոսվայի հետ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման հարցում կարևոր է եղել հատկապես Վլադիմիր Պուտինի կարծիքն ու հավանությունը:
Կարելի է ենթադրել, որ Հայաստանում մեծ ազդեցություն ունեցող ռուսահայ օլիգարխների հետ հայկական քաղաքական կյանքի վերաբերյալ իր մտադրությունները ճշտած Մոսկվան «հավաքագրում է» նաև բուն քաղաքականությամբ զբաղվողներին՝ ինչ որ ժամանակ հայաստանյան իրականությունից ու անցուդարձից հեռու պահելու և հետագայում «օգտագործելու» համար:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շարունակում է ղեկավարել պուտինյան ԵՏՄ-ն:
Դե, իսկ ինչ վերաբերում է, Սեյրան Օհանյանի կողմից ազատվող պաշտոնին, ապա, ըստ ասեկոսեների, Պաշտպանության նախարարի պորտֆելը տրվելու է Վովա Գասպարյանին, որի վաղուցվա երազանքն էր , թերևս Ռազմական Ոստիկանության պետ լինելու ժամանակվանից, ղեկավարել ՀՀ պաշտպանական գերատեսչությունը:
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան