▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը կարտասանի Բոնապարտի խոսքերն ու հրաժարական կտա...

Չգիտեմ, թե ինչպես ձևակերպեմ ասելիքս,որ չվիրավորեմ տարիքով մարդուն, որի խոսքերը համացանցում բուռն քննարկումների առիթ են տալիս, իսկ նրա մտքերը, սովորաբար, «բոց» են անվանում: 

Հայտնի է՝ միշտ չէ, որ տարիքի հետ գալիս է իմաստնությունը, երբեմն տարիքը գալիս է միայնակ...

Եվ տարիքով մարդը մեղավոր չէ, որ իմաստնությունը երբեմն լքում է իրեն: 

Վստամ եմ, որ մեղավոր ու չար չեն նաև գրառումների հեղինակները, ովքեր զվարճանում են «մառազմատիկ» մտքերի վրա...Ու նաև համոզված եմ, որ «չարաճճիությունն» էլ սահմանն ունի, որ սկսում է տարիքի հանդեպ հարգանքով: 

Որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խոսքը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մասին է, որին, եթե անկեղծ, առողջությունից առավել պաշտոնից հրաժարում եմ մաղթում: 

Մարդն այսքան մեզ ուրախացնում է, թող մի օր էլ տխրեցնի իր հրաժարականով...

Հավատացեք, ով հարգում է Գալուստ Սահակյանին,  անկեղծորեն պետք է նրան խորհուրդ տա՝ գնալ վաստակած հանգստի ու ԱԺ ամբիոնի փոխարեն քաղաքականությանը հետևել տան բազկաթոռից:

Ու, եթե անկեղծ,  չեմ հավատում մեկնաբանություններին, թե Սահմանադրությամբ՝ մեր երկրի երկրորդ պաշտոնում թույլ, անշառ, իր լեզվի ձեռքը կրակն ընկած  ու մարդկանց լեզվի «փաթաթան» ու ծաղրի առարկա դարձած  մարդուն պահելը քաղաքական ինչ-որ  հաշվենկատության արդյունք է:

Ոչ ոք Գալուստ Սահակյանին չի կարող բռնանալ, եթե նա ցանկանա հրաժարվի այդ աթոռից:

Եվ այստեղ, ինչպես, Գալուստ Սահակյանը կասեր՝ բռնանալն ամենևին բռնությունը չէ... նույնիսկ հակառակ դեպքում՝ նա ճիշտ կլիներ, քանի որ բռնությամբ Գալուստ Սահակյանին թոշակի ուղարկողն նրա  համար, հաստատ, բարի գործ արած կլինի: 

Գալուստ Սահակյանը, որ երկար տարիներ, դասավանդել է դպրոցում, պիտի հիշի Բոնապարտի խոսքերը. Կառավարման հմտությունը կայանում է նրանում, որ մարդկանց չպիտի թույլ տալ ծերանան իրենց պաշտոնում...

Այնպես որ, հուսանք, որ մի օր Գալուստ Սահակյանը հպարտորեն  կցիտի Բոնապարտին ու կասի՝ ես գնացի...

Ու կմիանա մեզ, արդեն  ուրախանալու իրենից  բավականին երիտասարդ պաշտոնյանների «բոցերի» վրա, որոնք, ցավոք, Հայաստանն ու հայկական համացանցը, ինչպես ասում են, դեռ շատ են ցնցելու...

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին