▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նշանակում ոչինչ չի արվել. Դավիթ Բաբայանը հակադարձում է Սամվել Բաբայանին

 

 

 

 

 

 

 

«Սա կարծիք է, իսկ ցանկացած կարծիք իրավունք ունի գոյատևելու: Դա չի նշանակում, որ նա ճիշտ է: Առհասարակ,  ճիշտ և սխալի փոխհարաբերությունները ես չեմ կարող ասել: Միշտ էլ գիտենք և սպասում ենք, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի դիմել մի աննորմալ գործողության»,-Asekose.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցին, որում վերջինս նշել էր. «Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատև, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել»:

-Պրն. Բաբայան, որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանն իսկապես պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազմական գործողությունների:

-Այս 22 տարիների ընթացքում, ինչ զինադադար է հաստատվել, Ադրբեջանը ուզում է հարցը կարգավորել ուժային տարբերակով, ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ ապացույցն է: Առհասարակ, Ադրբեջանն ամեն օր դիմում է սադրիչ գործողությունների և ստանում է համարժեք պատասխան: Ինչ վերաբերում է հիմա լայնածավալ պատերազմական գործողությունների հավանականությանը, իհարկե, բանակը միշտ էլ պատրաստ է: Ընդհանուր առմամբ, մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք վատին, որպեսզի իրավիճակն ավելի կայուն և լավ լինի: Բայց պատերազմի հավանականությունը բնորոշվում է մի շարք հանգամանքներով. արդյո՞ք բավականաչափ է տվյալ պետության ներքին ներուժը,  կարո՞ղ է դիմել երկարատև պատերազմական գործողությունների այս պահին: Կարծում եմ, որ Ադրբեջանի համար ռիսկային է երկարատև և լայնածավալ պատերազմական գործողությունների սկսելը: Նախևառաջ, Ադրբեջանն ապրիլին բլից-կրիգի միջոցով փորձեց հարցը կարգավորել, սակայն չստացվեց և այն նպատակները, որոնք դրել էր իր առջև, ձախողվեցին: Արդյունքում ունեցավ նյութական և մարդկային մեծ կորուստներ`ձախողելով այդ ավանտյուրան: Երկրորդը` Ադրբեջանը բազմազգ պետություն է, իսկ երկարատև պատերազմի ժամանակ հնարավոր է, որ այն ներսից կորզվի, ինչը մենք տեսել ենք 1993թվ-ին Թալիշի դեպքում: Երրորդը` հակառակորդը` տվյալ պարագայում մենք, Ադրբեջանի համար այն վիճակում չենք գտնվում, որ լինի հաղթել, ինչը ցույց տվեց քառօրյա պատերազմը: Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել մի դեպքում, երբ համոզված կլինի անշուտափույթ հաղթանակի վրա: Ինչի՞ համար պետք է Ադրբեջանը երկարատև պատերազմ սկսի, եթե այն կարող է իր համար կատաստրոֆա դառնալ: Իր համար ավելի նախապատվելի է բլից-կրիգներ սկսել և հաղթել, ինչը, սակայն, չկարողացավ: Ինչպես նաև պակաս կարևոր չէ միջազգային հանրության դիրքորոշումը, իսկ նա կտրականապես դեմ է ցանկացած ռազմական գործողության: Իսկ եթե Ադրբեջանն անտեսի վերոնշյալ հանգամանքները և սկսի պատերազմ, չի կարող Թուրքիայից բացի այս կամ այն գերտերության կամ պետության աջակցությունը ստանալ: Բացի դրանից, հաշվի առնելով Հարավային Կովկասի պետությունների շահերը և բախումը`երկարատև գործողությունները կարող են առաջացնել գլոբալ հակամարտություն, իսկ որևէ մեկը չի ուզում Ալիևի ավանտյուրայի պատճառով գլոբալ կամ երրորդ համաշխարհային պատերազմ, առանց այն էլ տեսնում եք, թե որքան լարված է իրավիճակը Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում: Հետևաբար, այս հանգամանքները ցույց են տալիս, որ երկարատև պատերազմ սովորաբար չեն սկսում նույնիսկ այն պետությունները, որոնք իրենք են նախաձեռնում դրանք, որովհետև երկարատև այն կարող է լինել միայն պաշտպանվողի համար, որը չի ծրագրավորում ագրեսիա. սա օրենք է: Իսկ կարծիքներ կարող են հնչեցնել, խնդիր չկա, դա բոլորի իրավունքն է:

-Իսկ ա՞յն փաստը, որ Ադրբեջանը գործարաններ է կառուցում, որոնք հրթիռներ և արկեր են արտադրելու: Ըստ Սամվել Բաբայանի` այս ամենը ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հստակ գործողությունների:

-Նախ մենք չգիտենք, թե դրանք ինչպիսի որակ են ունենալու: Ադրբեջանի պատրաստած հրթիռն ի՞նչ պետք է լինի: Երկրորդը`դրանք հրթիռներ չեն, ավելի շուտ փոքր տրամաչափի զենքեր են արտադրում, բայց դա չի նշանակում, որ  անպայման երկարատև պատերազմի համար պետք է նախատեսված լինեն: Չի կարո՞ղ Ադրբեջանը զենք արտադրել վաճառքի համար:

-Ըստ Սամվել Բաբայանի վերլուծության` դա միայն ներքին սպառման համար է: Նա մասնավորապես նշել է հետևյալը. «Խնդիրն այն է, որ երբ նա գործարան է դնում, որ արկեր արտադրի կամ հրթիռներ արտադրի, դա խոսում է այն մասին, որ նա չի վստահում իր գործընկերներին, որոնք մատակարարում են, մտածելով, որ կարող է ինչ-որ մի փուլում իրենց չմատակարարեն: Եվ ինքը փորձում է, զենք գնելով՝ հրթիռային, արկային և այլ արտադրանքը, ինչը հետագայում պիտի մատակարարվի, իր մոտ արտադրի»:

-Շատ լավ, թող արտադրեն, բայց չեմ կարծում, որ նրանք կարող են հասնել այն որակին, որն ունեն ռուսական, արևմտյան, հրեական զինատեսակները: Թող արտադրեն և իրենց բյուջեի գումարները վատնեն այդ արտադրանքի վրա: Որակը հաստատ ցածր է լինելու: Ընդհակառակը` զենքի  արտադրությունը թուլացնելու է նրանց բանակի կարողությունը:

-Ի՞նչ կասեք նաև այն մասին, որ Սամվել Բաբայանն իր հարցազրույցում նշել է, որ մենք սխալ ռազմավարություն ունենք, և ապրիլից հետո իրականում որևէ շոշափելի դրական տեղաշարժ չի եղել:

-Իսկ ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ ցանկացած քաղաքական գործչի:

-Պարզապես տվյալ պարագայում խոսքը ոչ թե շարքային քաղաքական գործչի մասին է, այլ` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի:

-Հասկանում եմ,  բայց մենք նախկին քանի՞ հրամատար ենք ունեցել. բազմաթիվ: Սա իմ կարծիքն է: Այստեղ թող ինքը մեկնաբանի: Ի՞նչ է նշանակում ոչինչ չի արվել: Հասկանալի է, որ ընդդիմադիր կեցվածք է, ընդ որում տրամաբանական է` ընտրությունների ակտիվ ժամանակահատված է գալիս, ամեն ինչ հասկանալի: Պարզապես կնշեմ մեկ բան` ամեն ինչ արվում է` պաշտպանության մակարդակը և զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Սա փաստ է, և կարծում եմ, որ շահարկումների ենթակա չէ, իսկ քաղաքական պայքարն իր կանոններն ունի: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ այն կանոններին հետևում են, դա էլ լավ է, որովհետև արդեն կանոնակարգվում է քաղաքական դաշտը, թող բոլորն աշխատեն դասական մոտեցումներով, ինչը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտը կամաց-կամաց կայանում է:

-Բայց չէ՞ որ Սամվել Բաբայանը նշում է, որ քաղաքականություն մտնելու ցանկություն չունի և պարզապես կիսում է իր մտահոգությունները:

-Մտահոգությունները կարող է կիսել, դա էլ վատ չէ: Եթե որևէ մեկն ունի մտահոգություններ և կարող է դրանք պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնել, թող անի, բայց կարծում եմ, որ ամեն ինչից վեր պետք է լինեն օբյեկտիվ, անաչառ գնահատականները, որոնց կարիքը միշտ էլ կա, իսկ եթե կան այլ ենթատեքստեր, դա արդել այլ ոլորտի խնդիր է, որն իրականության հետ կապ չունի: Դրա համար ցանկացած քաղաքական գործիչ ինքն է ընտրում իր ռազմավարությունը և մարտավարությունը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին