▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շանտղություն է», որ մենք չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները: «Պետության, կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն  է և  չխանգարելը: Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ, համատարած, որ բոլորի կողքին կանգնում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ո՞նց պետք է կանգնենք. պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին, որպեսզի մենք ձեզ հետ համատեղ ձևավորենք մեր ստրատեգիան այս ոլորտում», – ասել է կառավարության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են գյուղատնտեսության ոլորտում արտադրող ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսություների  գործունեությանն առնչվող խնդիրներ՝ մասնավորապես, գյուղմթերքների արտահանմանը, ներմուծմանը և իրացմանը, տրանսպորտային փոխադրումներին, էներգակիրների մատչելիությանը, հարկային և մաքսային վարչարարությանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Լսելով ներկայացված խնդիրները՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Գազի գինն արտոնյալ վիճակում լինելու է վերամշակող ձեռնարկությունների  համար այնքան ժամանակ, մինչև իրենք ոտքի կանգնեն՝ անկախ նրանից, թե մենք ինչ կարողություններ կունենանք, որովհետև սրանով նաև գազի մատակարարին ենք դրել պրոբլեմների մեջ:

Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, մենք պետք է հասկանանք՝ ինչով օգնենք մեր արտադրողին, որ ինքը մրցունակ լինի: Մի՞շտ ենք օգնելու, որ ինքը մրցունակ լինի՝ ոչ, որովհետև դաշտը փակում ենք մրցակցությունից, արտադրողը դրանով հանգստանալու է ու որևիցե բան չի անելու: Հիմա մենք մրցակցությունից պահելո՞ւ ենք ձեզ, որ դուք արտոնյալ վիճակում լինեք՝ ոչ, բայց մենք  թուղթ ու գրիչով  նստելու ենք, խոսենք, ասենք՝ ինչն է  խանգարում, որ դու մրցունակ լինես»: Խոսելով հարկային  և մաքսային վարչարարության բարեփոխումների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը հարկային հավասար դաշտի ապահովման ուղղությամբ և խրախուսելու է օրինապահ հարկատուներին:

Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման խնդրին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Սննդամթերի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել  ոլորտում: «Ուղղակի դա «շանտղություն է»,  որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», –  ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև ֆերմերների մասնագիտական պատրաստվածության  խնդրին՝ անհրաժեշտ համարելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական ծրագրերի վերանայումը և ֆերմերական նոր  մշակույթի ձևավորումը: Վարչապետը հետաքրքրվել է՝ կա արդյոք վիճակագրություն, թե նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքում քանի ֆերմեր է ուսուցանվել և որակապես գրագետ բիզնես վարել. «Մենք մինչև որակը չփոխենք, չգիտեմ՝ ուր ենք գնալու: Ընդհանրապես վաղվա օրը գրագետ մարդու օր է : Եթե դու ժամանակակից չես, եթե դու չգիտես՝ ինչ ես անում ու էֆեկտիվ չես, դու շանս չունես դիմանալու  մրցակցային դաշտին: Եկեք առաջարկ ներկայացրեք՝ ոնց ենք մենք մեր գյուղացուն, մեր ֆերմերին կրթում ու ձևակերպեք իմ ֆունկցիան այդ գործում»:   

Անդրադառնալով ոլորտի սուբսիդավորման նպատակահարմարության հարցին՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է. «Մենք անպայման ստեղծելու ենք հիմնադրամ, որի հիմնական նպատակն է լինելու  բիզնեսին աջակցելը, բայց՝ որպեսզի բիզնեսը փող աշխատի: Մենք սուբսիդավորելու ենք այն կառույցին ու այն տնտեսությանը,  որը շանս ունի մի օր ոտքի կանգնելու, և սուբսիդավորում չուզի»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդիաները պետք է ուղղվեն այն ծրագրերին, որոնք կնպաստեն ոլորտում արտադրողականության աճին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին