▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեմի առաջնորդը օրհնել է մանդատագողությամբ ընտրված քաղաքապետի երդման արարողությանը

Հունվարի 6-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մաղթել է, որ նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը:

«Այդ կոչումը, որ դուք հավակնում եք ստանալ՝ ավագանի կամ քաղաքապետ կամ մարզպետ, ինչու չէ, նաև սրբազան ծառայություն է ուզում: Եվ ուրիշ ոչինչ ժողովուրդը չի պահանջում ձեզանից: Ծառայություն, քանզի ձեզ վստահել են, ուրեմն այդ վստահությունը իրավունք չունի ոչ ոք մսխելու, սպառելու, մաշեցնելու»,- ասել էր արքեպիսկոպոս Չուլջյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում ասել, որ այդ հորդորը «միակողմանի էր»:

«Սրբազանը կորցրել է անաչառ լինելու հանգամանքը: Ինչու՞, որովհետև նա [Վանաձորի ավագանու] ընտրություններից հետո, առանց խորամուխ լինելու եղելության մեջ, առանց ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպելու և քննարկելու, գնաց և մասնակցեց այդ երդմնակալության արարողությանը, որն օրենքով նախատեսված չէր և ապօրինի միջոցառում էր մեծ հաշվով: Այսինքն՝ նա գնաց և օրհնեց մանդատագողությամբ ընտրված քաղաքապետի էդ ամբողջ ընթացքը»,- ասել է Մարուքյանը:

Նրա համոզմամբ, հոգևոր առաջնորդները չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին, իսկ եթե միջամտում են, պետք է անաչառ լինեն: «Դա նման է Հանրապետականի քարոզի շարունակությանը, երբ որևէ կերպ հաշվի չի առնվում ընդդիմադիր մյուս կողմի կարծիքը, որևէ կերպ չի դատապարտում էդ մանդատագողությունը: էն, ինչը որ տեղի է ունեցել»,- շարունակեց Մարուքյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին