«Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտում լինել-չլինելն ինձ համար, բնականաբար, կարևոր է եղել: Իր կողմից երբեք քաղաքական կուրսում չի եղել դրսևորում՝ որևէ մի գործչի, դաշտի արածն ու չարածը սևացնելու առումով: Նա երբեք չի զբաղեցրել իշխանության այն տիրույթը, որտեղ կա մեծ անհամաձայնություն՝ ՀՀ խնդիրների մեջ թաթախված գրեթե բոլոր քաղաքացիների մոտ: Եվ նրանք, ովքեր սառած նստած սպասում էին՝ նա կվերադառնա, թե՝ ոչ, պետք է հասկանան, որ նա չի ուզում զբաղեցնել ոչ ծայրահեղականների հռետորաբանությամբ հագեցած դաշտը, ոչ էլ՝ իշխանության»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով Ծառուկյանի վերադարձի մասին:
Կմիանա՞ նրան, թե՝ ոչ հարցին էլ պատասխանեց.
«Թե՛ խորհրդարանում, թե՛ դրանից դուրս, երբ որ զբաղվեմ քաղաքականությամբ, իրականացնելու եմ այն քաղաքական կուրսը, որը եղել է ձեր աչքի առջև: Երկրում պետք է հավասարապես գործի օրենքը, լինի արդյունավետ կառավարում: 40 տոկոսի հասնող աղքատությունը ոչ ոք չի վերացրել, արտագաղթը, տնտեսական անկումն ու սոցիալական ճգնաժամը շարունակվում են: Ուստի, եթե միանամ որևէ մեկին, նշանակում է, որ այդ ուժը կամ դաշինքը պետք է գնա այդ ճանապարհով: Ավելի պարզ՝ ես այն մարդն եմ, ով Ծառուկյանից չի հեռացել, որ մոտենա կամ վերադառնա: Ես այն մարդն եմ, ով պահել ու շարունակել է այդ քաղաքական կուրսը»:
Խոսելով Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան-Օհանյան-Հայրիկյան դաշինքի մասին՝ պատգամավորը նկատեց.
«Սեյրան Օհանյանի վերաբերյալ դրական կարծիք ունեմ, բայց իր կողմից նախաձեռնվող քաղաքական ձևաչափի մասին տեղեկություն մինչ օրս որևէ մեկը չունի: Ի՞նչ ասել է Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինք: Կա՞ նման կարգավիճակ, ձևաչափ: Կա անձ, ի՞նչ ձևով է այդ անձը մտնելու քաղաքական դաշտ, ի՞նչ դրույթներ է հռչակելու, ո՞ւմ հետ է գնալու, ովքե՞ր են այդ միավորները, որոնք ձևավորելու են այդ դաշինքը: Սանք բոլորը հարցեր են: Քաղաքականության մեջ հայտնի չէ այն գործողությունների պլանը, որ պետք է իրականացնեն, և երկրորդ՝ ովքե՞ր են իրենք, ո՞րն է այդ դաշինքը: «Համախմբում» կուսակցության մեջ կան պետության համար լուրջ պիտանի լինելու կարողություն ունեցող մարդիկ, մյուսների մասով էլ կարելի է նույնն ասել, բայց քաղաքական կուրսն է կարևոր: Ես չեմ համագործակցելու ոչ ոքի հետ, չեմ լինելու որևէ դաշինքում, չեմ անդամակցելու որևէ կառույցի, որն իմ թվարկած քայլերն ու գործողությունները չի իրականացնելու: Լավ մարդիկ են մի մասը, բայց ի՞նչ միավորներ են ձևավորելու, ի՞նչ կառույցներ են, այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի»:
Հարցին՝ «ԵԼՔ» դաշինքի («Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն») հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է, Տիգրան Ուրիխանյանը նշեց.
««ԵԼՔ»-ի առանցքային երկու կուսակցությունների ղեկավարներին բազմիցս առաջարկել եմ մեր քաղաքական աջակցությունը, սակայն զրույցները չեն շարունակվել»:
Անի Կարապետյան