Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ՀՎԿ 2-րդ համագումարի ժամանակ Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշեց.
«Այս ընտրություններին ՀՎԿ-ն մասնակցում է կազմուպատրաստ: Այնպիսի ծրագրեր ենք առաջարկելու, որ մեր երկիրը դուրս հանենք այս խորագույն փոսից։ Մեր թշնամիներն ու հակառակորդներն անգամ արձանագրում են, որ մենք այն ուժն ենք, որ կարողանում ենք հաղթանակել։ Մանր-մունր քարերը մեր ճանապարհին առ ոչինչ են։ ՀՀ-ն այսօր նոր թռիչքի կարիք ունի, հերիք է մեր մեջքը կռացած ապրենք։ 20 տարի ՕԵԿ-ը հաղթել է ու եղել ԱԺ-ում։ Մենք ներկայացնելու ենք այս անգամ խիստ պրագմատիկ, իրատեսական ծրագիր»:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին մասնակցությանը` նա նշեց.
«Սա թաղի տղերքի, քրեական հեղինակությունների ընտրություններ չեն։ ԸՕ-ն լաց է լինում որոշների համար։ Մենք ոչ ենք ասում մարզերում զանգվածային ցուցակագրումներին, պետք է իմանալ, որ ընտրակաշառքով ձեռք բերված քվեով նրանք դատապարտում են իրենց ընտանիքը»:
ՀՎԿ հաղթանակը, ըստ Արթուր Բաղդասարյանի, նշանակում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծում. «Մենք միշտ ասել ենք, որ 18 տարեկան երեխան չպետք է ծառայի, այլ պետք է լինի վարձատրվող, պրոֆեսիոնալ բանակ, կողոպուտը պետք է վերացնել։ Ավանդների վերադարձ։ Այսօր 82 հազար մարդ ստացել է իր ավանդը՝ ավելի քան 40 մլն դոլար»:
Բնական հանածոները, ըստ Արթուր Բաղդասարյանի, պետք է պետականացվեն. «Այսօր դրանք անխնա հարստահարվում ու բռնաբարվում են որոշ մարդկանց կողմից»: Այնուհետեւ, նա դիմեց հայ տղամարդկանց. «Ժողովեք ձեր ինքնասիրությունը. այսօր մեր հայ կանայք Թուրքիայում բանտարկվում են, քանի որ զբաղվում են անբարոյականությամբ։ Դուք բոլորդ ինձ ճանաչում եք, դուք իմ զորքն եք, կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք»:
Վերջում նա ասաց իրենց կարգախոսներից մեկը` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն հայկական վերածննդի»: