▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերի՛ք է հանդուրժել անարդարությունը․ Սեյրան Օհանյան

Այսօր Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովը։ 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ իր՝ անկուսակացական նախարար լինելու ու քաղաքականություն մտնելու որոշմանը։

«Իմ որոշման հիմքում այն խորը համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, տնտեսական  քաղաքականությամբ, ներհասարակական, բարոյական մթնոլորտով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են։ Սա շրջադարձային պահ է։ Կամ կգիտակցենք իրավիճակի լրջությունը, կամ կկանգնենք իրական աղետների առջև։Ես պաշտոնակռիվ չեմ արել։ Ինձ առաջարկվել են տարբեր բարձր պաշտոններ, որոնցից հրաժարվել եմ։ Իմ կյանքի ամենաբարձր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ առաջին գծում մարտնչելն էր»,-ելույթում ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց՝ իրեն չի տեսնում գործող իշխանական համակարգում, քանի որ ապագա մարտահրավերներին դիմակայելու իրենց մոտեցումները տարբեր են։

«Գրագետ աշխատելու դեպքում երկիրը կարող ենք դնել զարգացման ուղու վրա։ Կարող ենք ունենալ այնպիսի պետություն, որտեղ ապրելն անվտանգ ու հեռանկարային է և մարդիկ ոչ թե կփախչեն, այլ կվերադառնան։ Հերի՛ք է շենացնենք ուրիշ պետություններ, հերի՛ք է ապրենք ապագայի երազանքներով։ Եկե՛ք միասնական ջանքերով կերտենք մեր ուզած Հայաստանը։ Հերի՛ք է հանդուրժել չքավորությունը, հերի՛ք է չարաշահել բժիշկների, ուսուցիչների, գյուղացիների համբերությունը, հերի՛ք  է հանդուրժել անարդարությունը»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին