«Երբեք եւ ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում»: Այսպես արձագանքեց Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու նախաձեռնության մասին Թայմս.am-ի հարցին:
Տեղեկացնենք, որ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մտերիմները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ պահանջելով կազմակերպել «պատվավոր հուղարկավորություն» եւ նրա աճյունը հողին հանձնել Եռաբլուր պանթեոնի տարածքում:
Այս նախաձեռնության կապակցությամբ Մանվել Գրիգորյանն ասել է. «Ցավով ենք ընդունել Արթուր Սարգսյանի մահվան լուրը: Ցավակցում ենք հարազատներին եւ բարեկամներին: Արթուր Սարգսյանի հուղարկավորման արարողությունը պետք է կազմակերպել հայ մարդուն արժանի կերպով, մենք էլ պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել: Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում չշահարկել Արթուր Սարգսյանի հուղարկավորության գործընթացը: Եռաբլուր զինվորական պանթեոնը տեղ ու դեր ունի մեր ու մեր ժողովրդի կյանքում, նրա ներկայում ու ապագայում։ Երբեք եւ ոչ մի հարցում մի՛ շահարկեք Եռաբլուրը, ոչ մի հարցում, լսու՞մ եք։ Կոչ ենք անում հարգել հանգուցյալի հիշատակը եւ հանգիստ թողնել Եռաբլուրն ու նրա նշանակությունը»: