▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր պայքարում դուք մենակ չեք.Եվրոպացի պատգամավորներն Արցախում են

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Թագավորության դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին այսօր հանդես են եկել մամլո ասուլիսով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ բելգիացի պատգամավորներն, հերթական անգամ այցելելով Արցախ, մեծ տպավորություններ են ստացել:

Անդրե դե Բյուս դե Վարնաֆն իր խոսքում ասել է, որ իրենց համար ուրախալի է Արցախ գալը և անձամբ այստեղ իրականությունը տեսնելն ու բացահայտելը:

«Մենք հետաքրքրված ենք Արցախով: Սա այն երկիրն է, որտեղ կան իրական ժողովրդավարական արժեքներ. մարդիկ պայքարում են այդ արժեքների պահպանման ու զարգացման համար:Այստեղ գործում է մտքի, խոսքի, գաղափարի ազատությունը. դրանք եվրոպական արժեքներ են և շատ կարևոր: Մեր այցի նպատակը նաև այն է, որպեսզի տեսնենք, թե Արցախում մարդիկ ինչպես են ապրում ու պայքարում իրենց ազատության, արդարադատության և ժողովրդավարական արժեքների համար: Ինքս արդեն երրորդ անգամն է, որ Արցախում եմ. ես այստեղ մեծ առաջընթաց եմ տեսնում: Բարձրաստիճան այրերի հետ մեր հանդիպումներից մենք շատ բան իմացանք. այստեղ մեծ տեմպերով զարգանում է մշակութային կյանքը, առողջապահության ոլորտում լուրջ առաջընթացներ է գրանցվել»,- ասել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը և հավելել, որ Արցախ գալու իրենց նպատակը ժողովրդավարական այս երկիրը բացահայտելը չէ միայն, այլ նաև արցախցիների հետ համագործակցության և շփման եզրեր գտնելը:

«Մենք պիտի համագործակցենք 3 ոլորտների ուղղությամբ՝ առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության»,-նշել է Անդրե դե Բյուս դե Վարնաֆը:

Բելգիայի Թագավորության Վալոնիա-Բրյուսել Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էմանուել դե Բոկն էլ նշել է, որ իրենք հասկանում են, թե Արցախում ինչքան դժվար պայմաններում են ժողովրդավարական արժեքները պահպանելն ու զարգացնելը:

«Առաջին անգամ եմ Արցախում. ես այստեղ բացահայտել եմ ամեն ինչ: Որոշ արժեքների իմաստ ես սկսել եմ նորովի հասկանալ. այդ արժեքները մեզ մոտ հասանելի ու հաստատված են, իսկ այստեղ դրանք կարող են վտանգված լինել: Մենք այսօր չենք կարող չհետաքրքրվել Արցախի խնդրով, չէ՞-որ վաղը նույն խնդիրը մենք էլ կարող ենք ունենալ: Ես հասկանում եմ թե, իսկապես, ինչքան դժվար է նման իրավիճակում պահպանել ժողովրդավարությունը: Ժողովրդական արժեքներ հաստատելու, պահպանելու և զարգացնելու գործընթացում մենք միշտ Արցախի կողքին ենք լինելու,- մասնավորապես ասել է Էմանուել դե Բոկն ու հավելել,-մեր այցելությունն ոչ միայն նպատակ ունի Բելգիայի և Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումը, այլև կոնկրետ հարցերի շուրջ միմյանց հետ հստակ համագործակցելը»:

Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Պիեռ Կոմպանին էլ ընդգծել է. «Ես այստեղ հասկացա, որ արցախցիներն անջատողականներ չեն. դուք ձեր պայքարն իրականացնում եք հանուն արժեքների: Հանուն ազատությանն և անկախության դուք ստիպված եք եղել շատ մեծ գին վճարել:

Իրական ժողովրդավարությունը դուք վաստակել եք: Հավաստիացնում եմ ձեզ, որ ձեր պայքարում դուք մենակ չեք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին