Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական, որոնցից 23-ը իր ձայնը տվել է Բեքչյանին: Աթեշյանը ստացել է 11 ձայն: Ընտրություների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:
Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի:
«Այժմյան վիճակն, իրոք, աննախադեպ է: Անգամ Պոլսո պատրիարքարանի դռներն են փակել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դիմաց: Թուրքական ոստիկանությունն արգելել է նրան ներս մտնել: Ավելին, պատրիարքարանի դիմաց գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղապահն ու Մաշալյանը համատեղ ցանկացել են աղոթել, դռները պարանով փակել են՝ Աթեշյանի հրամանով: Ու այս ամենի համատեքստում զարմանալի է Մայր Աթոռի պահվածքը: Այսինքն, Աստծո տունը փակում է ու չի թողնում աղոթել: Սա անհեթեթություն է: Միայն եկեղեցու դռները փակելու համար Աթեշյանին կարելի էր կարգալույծ անել: Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ սա տեղի կունենա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Անի Կարապետյան