▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է հրաման տան ոչնչացնել այն կրակակետը, որտեղից սպանվել է մեր զինվորը.Վահան Բադասյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Վահան Բադասյանը համոզված է՝ ադրբեջանական ցանկացած ագրեսիայի հայկական կողմը պետք է եռապատիկ պատասխանի, քանի որ այդ դեպքում թշնամին չի համարձակվի նման քայլեր կատարել.

«Ո՞վ է արգելողը, ո՞վ կդատի դրա համար: Ասում են, բա չե՞ք վախենում՝ պատերազմ կսկսվի: Այդ դեպքում ինչո՞ւ մեր զինվորի կյանքը խլող Ադրբեջանը չի վախենում պատերազմից: Ուրեմն, պետք է այնպես անենք, որ նա վախենա պատերազմից: Համոզված եմ՝ կորուստներ ունենալու դեպքում հաջորդ անգամ չեն համարձակվի նման քայլեր կատարել: Ես իմ փորձից եմ սա ասում:

1994 թվականից հետո ինչո՞ւ այս գործողությունները նրանք չէին կատարում: Որովհետև վախենում էին և հարգում էին թե՛ մեզ, թե Մինսկի խմբին, թե՛ ստորագրված հրադադարի փաստաթուղթը: Իսկ այսօր հայկական երկչոտ իշխանությունը ժողովրդին անընդհատ ասում է, թե Ադրբեջանը զենքի առումով առավելություն ունի: Երեք նախագահներն էլ՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, 1994 թվականին մեծ պատերազմում հաղթանակած սեփական ժողովրդին պատերազմով են վախեցնում։ Դա աբսուրդ է: Եթե ուզում ես խաղաղություն, ուրեմն պետք է պատերազմի լավ պատրաստվես, և պատերազմից չվախենաս, եթե այն քո դռանը չոքած է։ Այսօր պատերազմ չի լինելու, եթե մենք լավ պատրաստված լինենք:

Դա ոչ միայն բանակին, այլև քաղաքական վերնախավին է վերաբերում։ Որպես նախկին հրամանատար ուզում եմ հիշեցնել, որ 90-ական թվականներին նրանք ռազմական տեխնիկան մի քանի անգամ ավելի շատ էր, քան հիմա և սա չէ պատերազմի ելքը որոշողը: Մեր իշխանությունները պետք է հրաման տան ոչնչացնել այն կրակակետը, որտեղից սպանվել է մեր զինվորը: Հակառակորդը պետք է հասկանա՝ եթե 1 կյանք է խլում, 100-ապատիկն է կորցնելու: Մենք այդպես էինք անում այն ժամանակ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահան Բադասյանը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին