«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դեմ է համայնքների խոշորացմանը: Նրա կարծիքով՝ սա ուղղակի չարիք է ու իշխանության նպատակը մեկն է՝ այնպես անել, որպեսզի չկայանա տեղական ինքնակառավարումը:
«Տեղական ինքնակառավարման կայացումը հանգեցնելու է իշխանության վերարտադրության դժվարացմանը: Եթե համայնքը կայանա ու ղեկավարն ինքնուրույն լինի, ապա կեղծիքի միջոցով վերարատադրությունը դժվարանալու է, դրա համար ստրկացած ու խեղճացած վիճակում են պահում: Մենք այսօր ունենք 7 տոկոս ֆինանսավորում: Եթե դրանից հանենք Երևանի, Գյումրիի ու Վանաձորի բյուջեն, ապա մյուս 900 համայնքներին կմնա 2 տոկոս, իսկ այս պարագայում ակնհայտ է, որ համայնքը դանդաղ մահանալու է: Ես ուսումնասիրել եմ եվրոպական գրեթե բոլոր երկրների խոշորացման մեխանիզմները:
Բացի Չեխիայից, որտեղ 600 համայնք կա, մյուս բոլոր երկրները գնացել են խոշորացման ճանապարհով, բայց ամեն երկիր դա արել է՝ ելնելով տիրող իրավիճակից: Օրինակ՝ Գերմանիայում համայնքների միջև կա փայլուն ճանապարհ, գործող տրանսպորտ, էլեկտրոնային կառավարման կայացած համակարգ, քաղաքացի-համայնք մշտական կապ:
Իսկ Հայաստանում 5 կմ հեռավորություն ունեցող համայնքներում անգամ ճանապարհը ճանապարհ չէ, ձմռանն էլ փակվում է, ուստի մեկ համայնքը տուժում է, մյուսը՝ օգտվում: 2010 թվականին ուսումնասիրություն ենք կատարել ու չափորոշիչներ մշակել: Ասել ենք, որ 930 համայնքը Հայաստանի համար շատ է, հետևաբար պետք է խոշորացնել այն համայնքները, որոնք միաձուլվել են ու սահմանը չի երևում: Մենք առաջարկել ենք դարձնել 300-350 համայնք, իսկ հիմա 900-ի փոխարեն 30-40 են դարձնելու, ինչն անընդունելի է: Դե եկե՛ք մեկ համայնք ունենանք»,-ասաց Սոս Գիմիշյանը՝ հավելելով.
«Նման մեծ խոշորացում Վրաստանն ու Լատվիան են արել: 12 տարի առաջ, երբ Վրաստանը սկսում էր այս գործընթացը, որպես հրավիրյալ փորձագետ հորդորեցի նման բան չանել: Այսօր արդեն որոշել են չեղարկել իրենց որոշումն ու վերադառնալ ոչ թե նախկին 1000 համայնքներին, այլ դարձնել 250-300»:
Սոս Գիմիշյանը համոզված է՝ կա նաև նախարարների գիտակ չլինելու խնդիրը: Նույն մարդը մեկ օր գյուղատնտեսության, մյուս օրն էլ էներգետիկայի նախարար է նշանակվում, իսկ նման բան հնարավոր չէ:
«Գոնե քննարկում անեն, չնայած գիտեն բոլոր մշակված փաստաթղթերի մասին, որոնք ներկայացրել ենք նախկին վարչապետի օրոք»,-նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը:
Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 30 ծրագիր:
Կխոշորացվեն Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Քասախ, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Իջևան, Բերդ համայնքները:
Անի Կարապետյան