▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԺԿ-ն անվստահություն հայտնեց Ագրամունթին

ԵԽԽՎ-ի ԵԺԿ խմբակցությունն անվստահություն է հայտնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունթին: Քիչ առաջ տեղի ունեցած ֆրակցիայի նիստում Ագրամունթի անվստահության օգտին քվեարկել է խմբակցության 31 պատգամավոր, դեմ է քվեարկել 26-ը:

Այս քվեարկությունը ունի զուտ խորհրդանշական իմաստ, քանի որ իրավական ոչ մի հետևանք չի առաջացնում: Ագրամունթին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում առաջադրել էր ԵԺԿ խմբակցությունը, և այս քվեարկությամբ ԵԺԿ պատգամավորները ցանկանում են ցույց տալ, որ ԵԽԽՎ նախագահն այլևս չի վայելում իրենց քաղաքական աջակցությունը:

Սակայն իրավական իմաստով հարցը գտնվում է փակուղում. եթե Ագրամունթն ինքնակամ հրաժարական չի տալիս, նրան հնարավոր չէ հեռացնել այդ պաշտոնից: Ագրամունթի հետ կապված խնդիրները սկսվեցին այս տարվա մարտին, երբ մարտի 20-21-ը ԵԽԽՎ նախագահը Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների հետ այցելեց Սիրիա և հանդիպեց այդ երկրի նախագահ Բաշար Ասադին:

ԵԽԽՎ պատգամավորները նրան մեղադրեցին ինքնագործունեության և Ասադի ռեժիմին աջակցելու մեջ:

Հայտնի է որ եվրոպական բազմաթիվ երկրներ չեն ընդունում Ասադի իշխանության օրինակարգությունը(լեգիտիմություն), և Ագրամունթի այդ քայլը նրան դուրս էր դնում եվրոպական ընդհանուր քաղաքականության շրջանակներից:

Եթե Ագրամունթը Սիրիա այցելած լիներ միայնակ կամ որևէ այլ երկրի պատվիրակության կազմում, գուցե ընդհանուր գծից նրա այդ շեղումը ներվեր, բայց հակառուսականությամբ համակված ԵԽԽՎ-ում ռուսների հետ նրա կապը հավելյալ պատճառ է նրա հրաժարականը պահանջելու համար:

Իր հասցեին հնչեցվող մեղադրանքներին Ագրամունթը պատասխանում էր, որ Սիրիայում ինքը ներկայացել է ոչ որպես ԵԽԽՎ նախագահ, այլ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր: Երբ Ագրամունթը տեսավ, որ հրաժարականի պահանջը ուժեղանում է նա հայտարարեց, որ հրաժարական կտա: Դա գուցե կրքերը հանդարտացնելու միջոց էր, տակտիկական հնարք՝իր դեմ դուրս եկածներին խաղաղեցնելու համար, որովհետև հետագայում նա հրաժարվեց իր խոստումից, և շարունակում է ամուր կառչած մնալ իր պաշտոնին:

Նա հասկանում է, որ ԵԽԽՎ ներքին կանոնակարգով իրեն անվստահություն հայտնելու ընթացակարգ գոյություն չունի: Նա նույնիսկ հայտարարել է, որ եթե կանոնակարգում փոփոխություն կատարվի և մտցվի ԵԽԽՎ նախագահին անվստահություն հայտնելու ընթացակարգ, այն իրեն չի կարող վերաբերվել, քանի որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ: Այսօրվա քվեարկությամբ Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատգամավորները ցույց տվեցին, որ Ագրամունթը չի վայելում անգամ իր կուսակիցների աջակցությունը: ԵԺԿ-ն ԵԽԽՎ-ի ամենամեծ խմբակցությունն է, և ըստ էության, չունենալով այդ խմբակցության աջակցությունը, Ագրամունթը վերածվում է քաղաքական դիակի:

Կարծես թե Ագրամունթի դա այնքան էլ չի մտահոգում և նա պատրաստ է մինչև վերջ կառչած մնալ իր աթոռին: Միակ երկիրը, որի պատվիրակները բացահայտ աջակցում են Ագրամունթին Ռուսաստանն է, սակայն դա բավարար չէ պաշտոնավարման համար:

Մենք չգիտենք, թե ԵԺԿ խմբակցության նիստի ժամանակ ինչպես են քվեարկել Հայաստանի ներկայացուցիչները, քանի որ քվեարկությունը փակ է եղել:Մի կողմից Հայաստանը պետք է պաշտպանի պրոռուսական գործչին՝ որպես Ռուսաստանի դաշնակից, բայց մյուս կողմից Հայաստանի ներկայացուցիչները դժգոհ էին Ագրամունթի պրոադրբեջանական պահվածքից, ում կասկածում էին Ադրբեջանից վարձատրվելու մեջ:

Ագրամունթը չի մասնակցում ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, նա նույնիսկ Ստրասբուրգում չէ, բայց նա ակնհայտորեն չի ցանկանում կորցնել պաշտոնը:

Դե ինչ ասես, մարդը հասկանում է, որ այդ պաշտոնում իրեն հաջողվում էր փող շինել, և այն էլ ոչ քիչ փող, իսկ փող սիրելը խիստ մարդկային է, անգամ եթե դու եվրոպացի ես, ու ժողովրդավարական արժեքների նվիրյալ:

Հ.Գ.

Մեզ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից դուրս է եկել նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը:

 

Ավետիս Բաբաջանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին