▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական իշխանություննե՞րն են որոշել բաց թողնել Նիշանյանին

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում է և դատապարտված է 17 տարվա ազատազրկման, երեկ՝ հուլիսի 14-ին, բանտից փախուստի է դիմել:

Ուշագրավ է, որ նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել է գրառում, որտեղ ասվում է. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»:

Թուրքերենի մասնագետ, վերլուծաբան Մուշեղ Խուդավերդյանի համար այս պատմությունը շատ տարօրինակ է:

«Թուրքական բանտերը շատ խիստ վերահսկվում են: Իսկ բաց ռեժիմի դեպքում նրան թույլ էին տվել այգում զբոսնել, հեռախոսով զրուցել հարազատների հետ: Մութ պահերն այստեղ շատ են: Միգուցե թուրքական իշխանություննե՞րն են որոշել բաց թողնել Նիշանյանին և պարզապես աղմուկ են բարձրացնում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբանը՝ շեշտելով.

«Նիշանյանը խիստ հոդվածներով էր դատապարտվել: Նրան մեղադրում էին ապօրինի շինարարություն կատարելու, ինչպես նաև Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրական արտահայտություններ անելու, հրապարակավ վիրավորելու համար: Հետաքրքիրն այն է, որ թուրքական լրատվամիջոցների նյութերն ունեին «Թռչունը թռավ» վերնագիրը»:

Մուշեղ Խուդավերդյանն ընդգծում է՝ Նիշանյանը մեծ դեր է խաղացել թուրքական լեզվաբանության մեջ: Նա թուրքերեն բառերի ծագումնաբանությունը արտահայտող բառարանի հեղինակ է: Որպես ազատ լրագրող շատ դեպքերում թուրքական իշխանությունների համար բավական տհաճ հոդվածներ էր գրում, ինչը այդ երկրում դատապարտելի է: Եվ, եթե անգամ այս պայմաններում նա ողջ է մնացել, ավելին՝ կարողացել է փախուստի դիմել,  հրաշք է:

Նշենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու համար: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին