▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլոդինը երկընտրանքի առաջ է կանգնեցնում՝ տվեք ռուսերենին կարգավիճակ, կճանաչենք ձեր վարորդական իրավունքները

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:

Այս մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը, հիշեցնելով, որ Ռուսաստանում 2017 թ․ հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով: Հուլիսի 14-ին էլ Ռուսաստանի պետդուման ընդունել էր մեկ այլ օրենք, որով ՌԴ տարածքում ճանաչվում է ԵՏՄ մի քանի անդամ երկրների քաղաքացիների ազգային վարորդական իրավունքը: Խոսքն այն անդամ երկրների մասին է, որոնցում ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ:

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Վոլոդինը, մասնավորապես, նշել է․ «Ես կարող եմ ասել միայն մեկ բան՝ տվեք ռուսերենին պաշտոնական կարգավիճակ, և այդ դեպքում [հուլիսի 14-ին ընդունված] օրենքն ավտոմատ կերպով կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»:

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին նոր օրենքը: Այդ օրենքի գործարկման հետևանքով Ռուսաստանում աշխատող հայաստանցի վարորդների մեծ մասը կորցրել է աշխատանքը, շատերն էլ հայրենիք են վերադարձել: Խնդիրն այն է, որ Ռուսաստանում այլևս արգելվում է աշխատանքային պայմանագրեր կնքել օտարերկրյա քաղաքացիների հետ:

 

Աղբյուրը՝ azatutyun.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին