▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկան ձեզ հետ է. ԱՄՆ-ի փոխնախագահը` Վրաստանին եւ բալթյան երկրներին

Ռուս-ամերիկյան վատթարացող հարաբերությունների պայմաններում պաշտոնական Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում, որպեսզի վստահեցնի դաշնակիցներին, որ Միացյալ Նահանգները նրանց կողքին է:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը պարզ ուղերձ էր բերել դաշնակիցներին բալթյան երկրներում եւ Վրաստանում.

«Նախագահ Թրամփն ինձ այստեղ է ուղարկել ասելու՝ «մենք ձեզ հետ ենք»: Մենք կանգնած ենք Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի ժողովուրդների թիկունքին»:

Փոխնախագահի խոսքով, ինչպես քառորդ դար առաջ, երբ Ամերիկան աջակցեց նորանկախ հետխորհրդային երկրներին, այնպես էլ այժմ Միացյալ Նահանգները կանգնած է արդեն ՆԱՏՕ-ի անդամ բալթյան պետությունների կողքին.

«Մենք միասին ենք, որովհետեւ Խորհրդային Միության տապալումից ի վեր ամուր եւ միացյալ ՆԱՏՕ-ն այսօր առավել անհրաժեշտ է, քան երբեւէ»:

ԱՄՆ-ը ժխտում է եւ չի հանդուրժի ուժի, ճնշումների եւ ահաբեկման ցանկացած քայլ իր դաշնակիցների նկատմամբ.

«Հարձակումը մեզանից մեկի դեմ հարձակում է մեր՝ բոլորի դեմ»:

Միեւնույն ժամանակ, փոխնախագահ Փենսն ընդգծել է, որ Սպիտակ տանը «հույս ունեն, որ ապագայում Ռուսաստանի հետ հնարավոր կլինի բարելավել հարաբերությունները»:

ԱՄՆ-ի փոխնախագահի լավատեսությունը չի կիսում Ռուսաստանի քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, Վլադիմիր Պուտինի նախկին կողմնակից Գլեբ Պավլովսկին.

«Վերադարձի կետն արդեն անցել ենք, նախկին կարգը ոչնչացված է: Մենք այլեւս երբեք չենք վերադառնա 2014 թվին նախորդող հարաբերությունների դարաշրջան»:

Վերլուծաբանի խոսքով, Կրեմլը, զգալիորեն զիջելով ԱՄՆ-ին տնտեսական եւ ռազմական հզորությամբ, չի գնա Միացյալ Նահանգների հետ առճակատման այլ կնախընտրի անուղղակի պատասխանել.

«Դա հարվածներ կլինի գլոբալ դաշտի այն կետերին, որտեղ Ամերիկան շահեր ունի»:

Ռուսաստանի հարեւանությամբ գտնվող ՆԱՏՕ-ի անդամ երկրները Սպիտակ տանը դիմում են իրենց տարածքում ամերիկյան զինվորականների տեղակայման խնդրանքով, իսկ Վրաստանն այս օրերին վրաց-ամերիկյան զորավարժություններ է անցկացնում: Փոխնախագահ Փենսն իր այցի ընթացքում կրկին անգամ հավաստիացրել է ՆԱՏՕ-ին անդամակցող եւ դեռ անդամ չհանդիսացող դաշնակիցներին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրենց թիկունքին է: «Մենք ունենք անվտանգ, ազատ եւ բարգավաճ ընդհանուր ապագա», – նշել է Մայք Փենսը:

 

Ամերիկայի Ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին