armlur.am-ը թարգմանաբար ներկայացրել է ռուսական հեղինակավոր RBK լրատվամիջոցին անդրադարձը Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համաժողովին, որում հեղինակը խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի մասին:
Կայքը նշում է, որ Նալբանդյանը հայտարարել է՝ Ադրբեջանի հետ բանակցում է տարածքների վերադարձ, որոնք վտանգ չեն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի համար: հայկական կողմը նախկինի պես խոստովանել է, որ պատերազմի դեպքում պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է այն տարածքների վերադարձը, որոնք Ղարաբաղի համար վտանգ չեն ներկայացնի», – այդ մասին հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը, փոխանցում է կայքը: «Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել», – հայտարարել է նա:
Կայքը նշում է, որ Ֆորումի ընթացքում Նալբանդյանը հիշեցրել է Հայաստանի դիրքորոշումը: «Եթե պատերազմ սկսվի եւ այն հնարավոր չլինի կանգնեցնել, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այն կնշանակի բանակցությունների ավարտ՝ իր բոլոր հետևանքներով», – ասել է նախարարը:
Կայքը հիշեցրել է նաև Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի ելույթը, որտեղ նա ևս ընդգծել էր, թե պատերազմի կրկնության դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: